Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը․ Փաշինյանը չի մասնակցում

Այսօր Բիշքեկում մեկնարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթերի փաթեթ։ Մինչ մեկնարկը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի կողմից (երկիրն այս տարի նախագահում է ԱՊՀ-ում) տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բոլոր միջոցառումները կավարտվեն պաշտոնական ընդունելությամբ։

Ինչպես և սպասվում է, հանդիպմանը, բացի Ջապարովից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաշվի առնելով «որոշակի հանգամանքներ» չի կարողանա ներկա գտնվել հանդիպմանը։

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու ԱՊՀ տարածքում անվտանգության ապահովման թեմային։ Ակնկալվում է, որ որոշումներ կընդունվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգումն ուժեղացնելու համար: