Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։

«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «ԱլԱքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։