Ինչպես է աշխարհակարգի փոփոխման գործընթացից օգտվում Իսրայելը

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է

«Փոփոխվող աշխարհակարգի պայմաններում «պատերազմը հնարավորություն է» բանաձևից փորձում է լավագույնս օգտվել նաև Իսրայելը։ Տվյալ դեպքում հնարավորինս օգտագործվում և ուռճացվում են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման մասշտաբային աննախադեպ հարձակման ու դրա հետևանքների ծավալները՝ ներկայացնելով դրանք՝ որպես «ամենադաժան, անմարդկային նաև ունիվերսալ բնույթի ահաբեկչական գործողություններ»՝ նման կերպ նաև հասնելով միջազգային լայն համախոհության և լեգիտիմացնելով սեփական պատասխան պատժիչ և հաճախ ոչ պակաս անմարդկային գործողությունները։

Թել Ավիվը պաղեստինյան խմբավորման՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համար ոչ ճշգրտորեն հաշվարկված հարձակման իրողությունը ձգտում է օգտագործել իր համար ռազմավարական և անվտանգային լրջագույն խնդրի վերջնականպես հանգուցալուծման նպատակով։

Մասնավորապես, անթաքույց նպատակ է դրված առավելագույնս փոխել պաղեստինյան հիմնախնդրի՝ որպես նախորդ աշխարհակարգից մնացած «քաղցկեղային» չլուծված ժառանգության ներկա ստատուս-քվոն՝ սեփական օրակարգի համատեքստում։ Այն է` առնվազն կարճաժամկետ հեռանկարում ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածում, իսկ հետագայում՝ հնարավորության պայմաններում, ընդհանրապես, հասնել Պեղեստին պետության ձևավորման ծրագրի չեղարկման:

Առաջ անցնելով՝ փորձենք կանխատեսել, որ Թել Ավիվի առաջնային ծրագրերից է նաև շրջակա անվտանգային միջավայրի բարելավման խնդիրները, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբանանից հնարավոր սպառնալիքների վերջնական չեզոքացումը, որի միտումները ևս արդենիսկ տեսանելի են։

Մերօրյա աշխարհի իրողությունները թույլ են տալիս գնահատելու Իսրայել պետության վերոնշյալ ծրագրերի իրականացման հեռանկարը խիստ իրատեսական։ Իսկ դրանց հաջողումը միանշանակորեն կնշանակի Իսրայելի ռազմավարական հաղթանակ Իրանի նկատմամբ»։