Նիկոլը պատրաստվում է թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, այն սկսելով Տավուշի գյուղերից և մեր երկիրը դնել ադրբեջանական շրջափակման մեջ

Հայաստանի քպ-ական իշխանությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու օպերացիան իրականացրեց քայլ առ քայլ` 5 տարիների ընթացքում անցնելով տարբեր փուլեր: Սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը ժողովրդին ներկայացավ իբրև ժողովրդավար, իբրև հայրենասեր ղեկավար, շտապեց արցախցիներին վստահեցնել, թե ՀՀ-ում տեղի ունեցած «հեղափոխությունը» չի խաթարելու Արցախի անվտանգությունը, Արցախի անկախության գործընթացը: Եվ սկսվեց ադրբեջանա-թուրքական փողերով իրականացված հայաստանյան «գունավոր հեղափոխության» արտահանում դեպի Արցախ` ներսից քանդելով արցախյան կուռ միասնականությունը: Այս ամենի հետ մեկտեղ Նիկոլը հնչեցնում էր արցախցուն ոգևորող, սիրաշահող հայտարարություններ. այդ նպատակն էր հետապնդում 2019-ին Ստեփանակերտի հրապարակից հնչեցված`«Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունը: 44-օրյա պատերազմից հետո շատ արցախցիներ հասկացան, որ խաբված են: Ինձ հետ զրույցում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի օգնականը անկեղծացավ, թե. «Իսկապես հավատացինք Փաշինյանին: Հավատացինք ու պարտվեցինք»: Սակայն Արցախի մեծ պարտությունը դեռ առջևում էր: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ հույսեր կային կորցրածը հետ բերելու, ապա պատերազմից հետո անցած 3 տարում ՀՀ կողմից արվեց ամեն ինչ`այդ հույսերն ամբողջովին զրոյացնելու համար:

Եվ որպեսզի նախ մարդկանց ուղեղներում նստի Արցախը տալու գաղափարը, Նիկոլն սկսեց անդադար խոսել այն մասին, թե Արցախն արդեն նախկինների օրոք հանձնված է եղել: Բոլոր հարթակներից` տեղական, թե միջազգային, նա ադրբեջանական թեզերն էր հրապարակում, շրջանառում թշնամական երկրի գաղափարները: Արցախյան բանակցային գործընթացից, քաղաքականությունից անտեղյակ, անիրազեկ մարդիկ սկսեցին անգիտությամբ կրկնել սուտասանի խոսքերը, թե. «Արցախը նախկինների օրոք արդեն հանձնված էր, ի՞նչ անի խեղճ Նիկոլը»: Եվ այսպես` 3 տարի անդադար:

Ու գործընթացները հասցվեցին նրան, որ 2023-ի սեպտեմբեր 19-20-ին` մեկ օրում Նիկոլի «բարեկիրթ գործընկերոջ»՝ Իլհամի հրահանգով ցեղասպանություն իրականացվեց Արցախում․ ընդամենը մի քանի օրում հայաթափվեց Արցախը: Գերարագացված տեմպերով արցախահայության հայրենազրկման, բռնի տեղահանման օպերացիան ուղեկցվում էր ազերիների կողմից հայ խաղաղ բնակչության դեմ իրականացվող բարբարոսական գործողություններով` գլխատումներ, խոշտանգումներ, բռնաբարություններ: Թուրքն իր ցեղասպանական տարերքի մեջ էր: Ու ընդամենը 4 օրում 4000-ամյա հայկական Արցախը հայաթափվեց մինչև վերջին հայը…

Արցախահայության դեմ իրականացվեց մի ծրագիր, որը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Այդ թվում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալություններն ու Բաքվի բանտեր նրանց տեղափոխելը: Վերջերս ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց. «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է, վախենալով իր աթոռի համար, դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայորդի Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ նրա մուտքը Հայաստանի տարածք։ Մեր կառավարությունը, որը բաղկացած է դիլետանտների ու վախկոտների խմբից, խոսում է անկախության, անվտանգության ու խաղաղ ապագայի մասին, ակնհայտորեն հույսը դնելով դահճի գթասրտության վրա»։

Փաշինյան Նիկոլի ձեռքով հայ ժողովրդի դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունները դեռ բացահայտվելու են, ջրի երես են դուրս գալու զարհուրելի փաստեր, բայց քանի դեռ թուրքական ծրագրերի կատարածուն շարունակում է մնալ ՀՀ իշխանության ղեկին` այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, փոխարենը՝ հակահայը շարունակում է հայկականության ոչնչացման ծրագրի իրականացումը:

Արցախը թշնամուն հանձնելը, հայաթափելը հակահայկական զարհուրելի ծրագրի մեկ մասն է միայն: Հիմա հերթը Հայաստանինն է:

2021-ից Հայաստանի Հանրապետության 150 քառակուսի կմ տարածք զավթած Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի դուրս գալ այդ տարածքներից, այլև Արցախի հայաթափումից անմիջապես հետո Ալիևը հիմա հստակ պահանջում է Հայաստանի 8 գյուղերը, հայտարարելով, թե Հայաստանը պետք է վերադարձնի «ադրբեջանական անկլավները»: Հայաստանի իշխանությունն անցած տարիներին որևէ լուրջ քայլ չարեց թշնամու ախորժակը զսպելու համար: Փոխարենը, հիմա ադրբեջանցի պաշտոնյաներն են իրենց ղեկավարին կրկնօրինակելով` խոսում են «երկաթե բռունցքի» մասին: Չնայած դրա կարիքն էլ չկա, որովհետև Նիկոլը վաղուց է ձեռքերը վեր պարզել ու պատրաստ է հերթով հանձնել մեր երկրի տարածքները` հանձնման գործընթացը սկսելով հայկական 8 գյուղերից կամ «անկլավներից»:

Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ համաձայն է Ադրբեջանին հանձնել հայկական 8 գյուղերը: Բայց որպեսզի թաքցնի իր կողմից արվող հերթական դավաճանական քայլը, ինչպես Արցախի, ՀՀ անկլավների պարագայում ևս կիրառում է մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու հայտնի տեխնոլոգիան: Հիշեցնեմ, դեռ 2021-ից Նիկոլը տարբեր առիթներով Տավուշի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, անդրադառնում էր «անկլավների» հարցին: Նա բացահայտորեն խաբում էր ժողովրդին`ասելով, թե այդ թեման` 1999-ից սկսած եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում. «Բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո «անկլավների» թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։

Ի պատասխան այս կեղծ, անհիմն հայտարարության` հնչեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ես հայտարարում եմ, որ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին խոսք չի եղել, բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել այնպիսի պաշտոններում, որը թույլ է տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ ՝ էդպիսի հարց Հայաստանի որեւէ իշխանություն չի քննարկել»:

Իր դավաճանական քայլերը նախկինների վրա բարդել փորձող Փաշինյանը, ինչպես Արցախի, այնպես էլ Տավուշի գյուղերի մասին խոսելով, այդպես էլ որևէ լուրջ փաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ասում է, դրանք միմիայն ադրբեջանանպաստ թեզեր են: Այս առումով ևս տեղին էր Սերժ Սարգսյանի խոսքը. «Ինքը քամի անող է, օդ տատանող է։ Թող հանի փաստաթուղթը՝ ցույց տա, մի անգամ մի բան պիտի ցույց տա, թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ են բանակցություններ եղել անկլավների մասին»:

ՀՀ երրորդ նախագահը նաև ասել էր. «Անկլավների մասին բանակցություններ չե՛ն կարող լինել հիմա, բացարձակապես: Էդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին առնվազն 5000 զոհ կա, թող փորձի դրանց պատասխանը տալ, նոր բանակցություններ վարել»:

Ալիևը, սակայն հիմա պահանջում է մեր 8 գյուղերը. քանի՞ գլուխ ունի կապիտուլյացիայի ենթարկված Նիկոլը, որ չկատարի իր դեմքին «երկաթե բռունցք» թափահարող Իլհամի պահանջը: Ու «հարբած ծաղրածուն» արդեն իսկ տվել է իր համաձայնությունը հայկական գյուղերի հանձնման հարցում. դեռ ամիսներ առաջ` մայիսին կայացած իր ասուլիսում նա ի պատասխան լրագրողի հարցին` հայտարարել է. «Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»։

Այնուհետև, շրջանառելով այն անհեթեթ միտքը, թե Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», Նիկոլը պարզ ասում էր Ալիևին, որ այդ թուղթ իրենից է ակնկալում: Նույն կերպ, երբ ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց թշնամական երկրի ղեկավարին, ասելով․ «Ցույց տուր Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ՝ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»,- դրանով նա պարզ ասաց, որ Ադրբեջանի ցանկություններից է կախված` հայ ժողովուրդը պետություն կունենա՞, թե չէ:

Այսօր Նիկոլի նպատակն է` թշնամուն հանձնել Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ստրատեգիական ճանապարհները, դրանով մեր երկիրն ամբողջությամբ գցելով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Ուշադրություն դարձրեք. Արցախի դեմ իրականացված հակահայկական ծրագիրը նույնությամբ կրկնվում է Հայաստանի դեմ:

Սցենարը պարզ նշմարվում է` շրջափակում, սովահարություն, հանձնում…

Երեկ ՀՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը ևս մեկ ապացույցն էր այն բանի, որ հայադավը պատրաստվում է Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող նոր օպերացիայի, ինչը կավարտվի ՀՀ պետականության ոչնչացմամբ:

Արմինե Սիմոնյան