«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հանձնեց ԱԺ

«Հայաքվե» նախաձեռնությունը Ազգային ժողով է մուտքագրել օրինագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝  Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ «Հավաքվել էր 58 հազար ստորագրություն։

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց հաճախ տրվող հարցին, թե որքանո՞վ է արդիական Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո այս օրենքի նախագիծը։

«Մենք կարծում ենք, որ ավելի քան արդիական է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախը հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, այն տասնամյակներ շարունակ եղել է բանակցային կողմ, եղել են մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող մեկ օրում վերանալ էթնիկ զտման արդյունքում»,– ասաց նա։

Չալաբյանը վստահ է, որ եթե ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկի այս նախագծին` հանցակից կդառնա Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին։

Անդրադառնալով, թե ինչ է սպասվում այս նախագծին ԱԺ մուտքագրումից հետո, Չալաբյանը մանրամասնեց, որ, ըստ օրենքի, ԱԺ նախագահը պետք է մակագրի օրենքի նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովին, վերջինս պետք է կազմակերպի համապատասխան լսումներ, առաջարկների հավաքագրում, դրա հիման վրա պետաիրավական հանձնաժողովը պետք է իրականացնի նախագծի քննարկումը։ Ենթադրաբար դա կտևի 1-1,5 ամիս։