Լադիմիր Լադիմիրիչ՝ իմնեմնիմի

Ի՞նչ սև կատու է անցել հայաստանյան իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության միջև։

Վերջին տարիներին, իսկ վերջին օրերին առավելապես, ականատես ենք լինում, թե ինչպես են օրըստօրե լարվում ՀՀ և ՌԴ հարաբերությունները։ Վերհիշենք, թե ինչու հասանք այս հանգրվանին։

«Ծանր աշխատանքային» ամիսներից հետո, երբ իշխանությունները վերադարձան աշխատանքի՝ մեկը մյուսին հերթ չտալով Փաշինյանի գլխավորությամբ սկսեցին հարցազրուցների մասնակցել, որի գլխավոր թեման մեկն էր՝ ինչքան ուժ ունեք՝ փնովեք Ռուսաստանին և տարածեք ռուսատյացություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին ևս մեկ հակառուսականություն տարածելու առիթ էր, որից նա օգտվեց՝ կրկնելով, որ ինչ կատարվում է Արցախում՝ մեղավոր է ՌԴ խաղաղապահ առաքելությունը, քանի որ ինչպես նրանք են հաճախ շեշտում՝ Բերձորի միջանցքը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է, իսկ այսօր նրանց անգործության հետևանքով, թշնամին (Փաշինյանի համար մեր հարևանը) ապօրինի անցակետ է տեղադրել ու ամենևին կապ չունի, որ Փաշինյանն իր շուրթերով է հնչեցրել, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, և որ անվտանգության ոլորտում միայն մեկ երկրից կախվածությունը ռազմավարական սխալ է։
Այս ամենին արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ և ամեն առիթով։

«Պետք է ստանձնել սեփական պատասխանատվությունը և մեղքը կամ պատասխանատվությունը ուրիշի վրա չգցել: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում՝ դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,-ասել է Զախարովան։

Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որում նա անհեթեթություն էր անվանել  Զախարովայի հավաստիացումները, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սիմոնյանը նաև հայտարարել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության տակ։ Զախարովան նշել էր, որ այսպիսի հանրային հռետորաբանությունը նման է գռեհկության, որը պարզապես պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։

Բացի այդ, չմոռանանք ևս մեկ հակապուտինյան քայլի մասին այս Կառավարության կողմից, երբ օրերս ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ուղարկեց խորհրդարան, և այն վավերացվեց 60 կողմ, 20 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտին ՀՀ ՍԴ որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել, որին ըստ էության  միացավ Հայաստանը, այն պարագայում, երբ այն չի վավերացրել ԱՄՆ-ը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Սերբիան, Ուկրաինան։

Երբ Արցախի Հանրապետության կորստի (միգուցե ոչ վերջնական) մեջ այս իշխանությունները մեղադրում են բոլորին, բացի իրենցից և մեղավորության սլաքներն ուղղում են հատկապես ՌԴ ուղղությամբ՝ դրա պատասխանը չուշացավ։ Օրերս «Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում Լավրովը հայտարարել է․ «Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր պատերազմը դադարեցնելու հայտարարությունը, Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին` սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ 1 տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց»,- շեշտել է Լավրովը։

Ստացվում է իշխանություններն այն մակարդակի են հասել, որ երկրի կառավարումը վերածել են «թաղային բազարների»՝ սրան-նրան մեղադրելով՝ փորձում են արդարացնել իրենց շարունակական մեղքերը։

Վերոնշյալից ֆիքսեցինք չէ՞, որ և՛ ՀՀ ԱԺ նախագահին, և՛ ՀՀ վարչապետին արձագանքում է ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, իսկ Փաշինյանը մի ժամանակ գլուխ էր գովում, որ  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր ասածը չի կարող մեկնաբանել, նա իր ասածը պետք է ականջին օղ անի։

Բա Նիկո՛լ, ասում էիր, որ քո զրուցակիցները ՌԴ նախագահն ու վարչապետն են, ո՞նց է ստացվում, որ քեզ կրկին ԱԳՆ ներկայացուցիչ է արձագանքում, բա մի բան ասա Լադիմիր Լադիմիրիչին, գոնե՝ իմնեմնիմի։

ՀՀ երրորդ նախագահի օրոք դժվար էր պատկերացնել մի իրավիճակ, երբ այսչափ լարված լինեին ՀՀ և ՌԴ երբեմնի դաշնակցային հարաբերությունները, կամ ԱԳՆ մակարդակով ինչ-որ բան փորձեին հասցնել ՀՀ թիվ մեկ առաջնորդին։

Երրորդ նախագահի օրոք ՀՀ և ՌԴ հարաբերությունները զարգացում էին ապրում,  Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ապահովված էր, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ թշնամին Արցախը Հայաստանին կապող ճանապարհին կարող է ապօրինի անցակետ տեղադրել, շրջափակել Արցախը, իսկ այնտեղից Հայաստանի սահմանն անցնողներին ապօրինի ձերբակալել։ ՀՀ երրորդ նախագահի օրոք Արցախն ազատ ու անկախ էր, Արցախը՝ ամենահայկական Արցախը կար, միջազգային իրավունքի տեսանկյունից որպես սուբյեկտ գոյություն ուներ, որովհետև եթե Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չլիներ, ագրեսոր Ադրբեջանը չէր ստիպի, որ Արցախի Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիր ստորագրի, իսկ ՌԴ ղեկավարն էլ եթե ինչ-որ ասելիք էր ունենում, անձամբ նախագահին էր փոխանցում, ոչ թե ԱԳՆ օղակով ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնում, որ ականջին օղ էլ չէ՝ օղեր անի։

Լուսինե Այրապետյան