Բաքուն նեղսրտել է Մակրոնի հայտարարություններից

Բաքուն խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»։ Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի արտաքին գերատեսչությունը։
«Ֆրանսիայի նախագահի պնդումները՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի՝ Գրանադայի մասնակցությունից հրաժարվելու հետ, կեղծավորության օրինակ են։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագայի մեկ այլ պնդմանը, ըստ որի Ադրբեջանը 150 կմ² տարածք է օկուպացրել Հայաստանից, Ադրբեջանի ԱԳՆ-ն այն որակել է «անհիմն»։

«Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանությանը», -ասված է հայտարարության մեջ։