Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը 2,5 ամսով երկարաձգվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց ևս 2,5 ամսով երկարաձգել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի համար մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է կանոնակարգել Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է շուրջ 19 500 000 ՀՀ դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։