Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը էթնիկ զտումների վառ օրինակ է. Win Without War

120.000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումների վառ օրինակ է։ Այս մասին ասվում է Win Without War կազմակերպության ղեկավար Սթիվեն Մայլզի հայտարարության մեջ։

«Մենք խորապես մտահոգված ենք և ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը, որը, ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումների վառ օրինակ է։ Խիստ մտահոգիչ են ծանր թերսնման և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին հաղորդումները։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերն այցելել է տարածաշրջան՝ խոստանալով մարդասիրական աջակցություն, և թեև նման աջակցությունը ողջունելի է, այն պետք է լինի ԱՄՆ հետագա ջանքերի սկիզբը՝ այս ճգնաժամին արձագանքելու, պատասխանատվության ենթարկելու և վերջ տալու անպատժելիությանը մարդու իրավունքների ոտնահարումների համար, որոնք կատարվել են ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստացողների կողմից։

Մենք կոչ ենք անում վարչակազմին հետաքննել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումները, վերացնել բացառությունները, որոն Ադրբեջանին զենքի վաճառքի կանաչ լույս են վառում, և, ամենակարևորը, ավելացնել Հայաստանում մարդասիրական արձագանքման ֆինանսավորումը 11,5 միլիոն դոլարից ավելի:

Այս իրադարձությունները, ցավոք, կանխատեսելի էին և կանխարգելելի, և Բայդենի վարչակազմը նույնպես պետք է մանրակրկիտ հետաքննի, թե ինչպես և ինչու են անտեսվել կամ անուշադրության մատնվել Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան խմբերի ազդանշանները: Մինչ այս ճգնաժամը ծավալվում է, մենք կոչ ենք անում վարչակազմին օգնել նրանց, որոնք դեռ կարիքի մեջ են և պատասխանատվության ենթարկել նրանց պատճառած վնասի համար»: