Արցախը գործարքով թշնամուն հանձնածները մեղադրում են Արցախը ապրեցնողներին

Արցախյան առաջին պատերազմն ավարտվելուն պես ՀՀ իշխանությունները լծվեցին Արցախը վերաբնակեցնելու, կառուցելու, շենացնելու գործին

Արցախյան պատերազմը հաղթական ավարտվելուց հետո Հայաստանի իշխանությունները լծվեցին աշխարհի կողմից չճանաչված հանրապետության վերաբնակեցման գործին, քանի որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մասամբ հայաթափվել էր, տղամարդկանց, ինչպես նաև խաղաղ բնակչության մի մասը պատերազմի ժամանակ զոհվել էին։ Հաղթանակը Արցախի համար վերածննդի ժամանակաշրջան նշանավորեց, կառուցվող, շենացվող այդ հայկական պետությունը մի օազիս էր դարձել, որը նաև Հայաստանի Հանրապետության փրկօղակ էր, ինչում այսօր առավել քան երբևէ մենք համոզվեցինք․ տալով Արցախը՝ բացեցինք Հայաստանի Հանրապետության անվտանգության դարպասները թշնամու առաջ։ Արցախը մեզ համար ավելի քան 30 տարի անառիկ բերդ էր, որի ամրության համար ծախսված ներուժն ու ռեսուրսը պարբերաբար այսօրվա իշխանության մաս կազմած գործակալները նախկին իշխանությունների երեսով էին տալիս, թե իբրև Հայաստանը թալանում են ու դրա հաշվին շենացնում Արցախը։ Իրականում դա ներդրում էր հենց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացներում։ Այդ «ընդդիմությունը», որն իրականում գործակալական լուրջ ցանց էր Հայաստանում, փաստորեն դեռ այն ժամանակ էր բոլորիս հասկացնում իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ Արցախը նրանց աչքում փուշ էր, որը շտապում էին հանել՝ Հայաստանի փառահեղ զարգացման մասին իրենց ընտրողներին կեղծ սնունդ տալով։

Այնինչ Արցախի շենացումը, զարգացումը, որը ներառում էր նաև հայերով վերաբնակեցում, մինչև Փաշինյանը եղած իշխանությունների պետական քաղաքականության հիմնարար բաղկացուցիչներից էր։ Ծրագ­րի ի­րա­գործ­ման համար ձեռ­նարկ­վող քայ­լե­րը հա­մա­կարգ­ված և հետևո­ղա­կան են իրականացվել և արդյունավետ մտածված՝ Հայաստանից կամ սփյուռքից Արցախ տեղափոխված հայերի համար արտոնություններ սահմանելով, նրանց կացարանով, աշխատանքով ապահովելով, սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություններ ապահովելով, ծնելիության աճը խթանելով։

44-օրյա պատերազմի ժամանակ, երբ անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված արցախցիներին օգնության համար հասարակական կազմակերպություն էինք հիմնել, շփվում էինք նրանց հետ, հետաքրքիր բացահայտում էր ինձ համար, որ նույն մասնագիտությամբ աշխատողն Արցախում շատ ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, քան Հայաստանում։ Պարզ է, որ դա էլ վերաբնակեցումը խթանելու համար էր արվում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեին տեղափոխվել Արցախի մարզեր ու գյուղեր՝ մշտական բնակության համար։ Հերթական բացահայտումը բազմազավակությունն էր, արցախցի կանայք չէին սահմանափակվում մեկ-երկու երեխայով, ընտանիքներ կային, որտեղ հինգ-վեց զավակներ էին մեծանում։ Դա ևս Արցախում հայ բնակչության ավելացման ծրագրի մի մաս էր․ բազմազավակության համար ընտանիքներին նպաստներ էին տրվում, նաև արտոնություններ պետական այս կամ այն ծրագրերից օգտվելու։

Ահա այսպես նիկոլականների այդքան չսիրած նախկին իշխանությունները՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, Ադրբեջանի ղեկավարության մեջ ժամանակ առ ժամանակ սրտի կաթվածներ էր առաջացնում, և նրանք հուսահատ վազում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ, թակում միջազգային կազմակերպությունների դռները՝ Արցախի Հանրապետությունում հայաստանցի և սփյուռքից ընտանիքների հաստատման առնչությամբ՝ դա որակելով իբրև ապօրինի վերաբնակեցում։ Բաքուն պնդում էր, թե Հայաստանը, վարելով «ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն, փորձում է ավելացնել հայերի թիվը գրավված տարածքներում»՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Ճիշտ են ասում, որ ուժն է ծնում իրավունք։ Ի տարբերություն մեր օրերի, երբ Հայաստանի իշխանությունը զավթված է գործակալների կողմից և նրանց վարած ապազգային, հակահայ քաղաքականության հետևանքով միջազգային բոլոր կառույցները աչք են փակում հայկական շահերի, հայերի իրավունքների ոտնահարումների վրա, նախկին իշխանությունների ժամանակ անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու միջազգային կառույցնեն էին հաշվի նստում հայկական շահի հետ։ Ի պատասխան Ադրբեջանի լալահառաչ, հուսահատ բողոքների, նրանց պատասխանը կամ արձանագրումը լինում էր այն, որ «Հայաստանը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չի վարում»։

Այդպիսի մի պատմություն քննարկվեց միջազգային մամուլի էջերում 2004 թվականին, երբ Ադրեջանի արտգործնախարար դարձավ Էլմար Մամեդյարովը։ Այն ժամանակ Բաքվին հաջողվեց ԵԱՀԿ-ից պահանջել փաստահավաք խումբ ուղարկել նախկին ԼՂԻՄ-ին հարակից և Արցախի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջաններ՝ պարզելու, թե արդյոք հայկական իշխանությունները վարում են յուրացման և վերաբնակեցման քաղաքականություն: Մինսկի խմբի եռանախագահությունը և ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը 2005-ի փետրվարին մեկ շաբաթ անցկացրեց յոթ շրջաններում: Այցից շաբաթներ անց ԵԱՀԿ-ն հրապարակեց ծավալուն զեկույց, որտեղ հստակ ասվում էր, որ Հայաստանը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չի վարում: 2010 թ․ հոկտեմբերին ԵԱՀԿ-ն Ադրբեջանի պահանջով մի նոր փաստահավաք առաքելություն իրականացրեց, և կրկին զեկուցեց, որ Հայաստանը և Սփյուռքը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չեն իրականացնում:

Ադրբեջանը պարբերաբար միջազգային հարթակներ տանելով ԼՂԻՄ-ի հարակից տարածքներում Հայաստանի վերաբնակեցման հարցը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում էր արցախյան հակամարտության կարգավորված չլինելու վրա, թե «Հայաստանը զավթարար է և իրացնում է ուրիշի հողերի վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն»: Հեռահար նպատակ կարող է լինել նաև Հայաստանի դեմ հայց ներկայացնելը և փոխհատուցում պահանջելը: Բայց նախկին իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ նրանք միշտ քար անտարբերության էին հանդիպում ճիշտ անպես, ինչպես այսօր ՀՀ իշխանությունը զավթած գործակալների կեղծ հայտարարությունները։ Դերերը, կարգավիճակները փոխվել են, Հայաստանն այսօր ամենևին շահեկան վիճակում չէ։ Ավելին, գոյատևում ենք մեր վերջին օրերին ապրելու սպառնալիքն աչքներիս առաջ։ Իսկ Ադրբեջանը հաղթական դիրքերից հիմա էլ հավակնում է Հայաստանն օկուպացնել ու յուրացնել՝ օգտվելով ՀՀ իշխանության մեջ թուրքական գործակալների ներկայությունից և նրանց կողմից իր հրամաններն ու հրահանգները հլուհնազանդ կատարելու պատրաստակամությունից, որով նրանք ՀՀ նախկին իշխանությունների վերաբնակեցրած Արցախը հայաթափեցին մինչև վերջին հայը։

Թագուհի Ասլանյան