Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը Երևանից էր, Սլավոնական համալսարանի ուսանող

Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով զոհված 21-ամյա Արամ Տիգրանի Քոչարյանը Երևանից էր։

Արամը տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ քույր։ Սովորում էր Սլավոնական համալսարանի «կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։ «Արամը չափազանց համեստ, պայծառ, բարի տղա էր»,- սրտի կսիծով նրա մասին պատմեց Արամի քրոջ ընկերուհին։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում: