Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել

Վայոց ձորի, Սյունիքի մարզերում ԼՂ մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը զուգահեռ ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ տրամադրելուն,- հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նրա, խոսքը միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքներին է վերաբերում:

Մկրտչյանը նաև հայտնել է. «Ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել մեր խնամքի հաստատություններում, և ունենք որոշակի դեպքեր, որ առանց ուղեկցման երեխաներ ունենք, որոնք այս կամ այն պատճառով առողջապահական մեր գործընկերների վերահսկողության ներքո են, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում»։