Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ

Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ: Այս մասին  հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի միջանցքն անցնելիս։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել է Վարդանյանի ձերբակալման փաստը։

Դեպքի առնչությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, նշելով, որ «Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատեւման պայքարել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի եւ խնդրեմ ձեր աջակցությունը»,- հայտարարել էր Վարդանյանի կինը։