Ռուբեն Վարդանյանի կինը հաստատել է ամուսնու ձերբակալման լուրը․նա հայտարարություն է տարածել

Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանին։ Տեղեկությունը հաստատել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

Շրջափակման տասն ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ պայքարել հանուն գոյատևման։

Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրում ձեր աջակցությունը»,-ասված է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ։