Ուղիղ երեք տարի առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը Թուրքիայի համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:  Շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ միաժամանակյա հարձակում սկսեց՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողությունները տևեցին 44 օր՝ ընդգրկելով նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ։

Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված են եղել սիրիացի առնվազն 2350 գրոհայիններ, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հայտնել են նաև միջազգային լրատվամիջոցները, իսկ հայկական կողմը նրանցից երկուսին գերեվարել է, սակայն պատերազմի ավարտից հետո՝ հանձնել հայ գերիների դիմաց։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Բերձորի (Լաչին) շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի Հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն անցավ ռուս խաղաղապահներին:

Աղետալի պատերազմի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ։