290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

ԱՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենա հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։