Հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները սեպտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Զորավարժության մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին զորավարժության մասնակիցներին տրվեցին Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: