Կարո՞ղ է ՀՀ-ն վավերացնել Հռոմի ստատուտը ու չձերբակալել Պուտինին. պարզաբանում է արդարադատության նախարարը

Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։ Ստատուտի վավերականացումը միտված է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ։ Դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Այն հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական և դատական համակարգին՝ ՀՀ-ի հանդեպ իրականացված, օրինակ, ռազմական հանցագործությունները քննել և վերհանել։ Դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից չօգտվելն ափսոս կլինի»,- ասաց Մինասյանը։

Հարցին՝ կա՞ն մեխանիզմներ՝ ստատուտը վավերացնելու և դատարանի որոշ որոշումներ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը չկատարելու վերաբերյալ՝ Մինասյանը, մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը, նշեց, որ իրավական առումով ստատուտն անպայման վավերացվելու է և դա որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վլադիմիր Պուտինը հիմա ռազմական հանցագո՞րծ է, թե ոչ և եթե գա ՀՀ, նրան ձերբակալելո՞ւ են, թե՝ ոչ, սակայն այս հարցադրումներին ևս պատասխան չտրվեց։