Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունի պլան «Բ». Բայրամով

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հետ հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքը» Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետները գնահատել են, որ այն կարող է Միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա բեռնափոխադրումներ (տարեկան- ԻՖ)։ Սա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև այլ երկրների համար»,- ասել է Բայրամովը։ Պաշտոնյան հայտարարել է, թե իբր «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այսինքն՝ անխոչընդոտ հաղորդակցությունն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, Ադրբեջանի, ՌԴ և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասն է։

«2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրի փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի», – ասել է Բայրամովը:
Նա բողոքել է, թե իբր երբ տպավորություն է ստեղծվում, որ կողմերը մոտ են գործն ավարտին հասցնելուն, վերջին պահին հանկարծ Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։
Բայրամովի խոսքով՝ այդպիսի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան «Բ»։ Իսկ նրա համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից», – ասել է Բայրամովը: