Ինչո՞ւ են քանդում Ծիծեռնակաբերդի ճեմուղին. քաղաքապետարանի պարզաբանումը

Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը քանդում են։ Քաղաքացու այս ահազանգից երկու օր անց քաղաքապետարանը տարածել է պարզաբանում.

«Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն»։