ՔՊ-ն քարոզարշավի համար 4000 դրամով քայլողներ է հավաքագրում․ «Ականատես»

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, ովքեր 4 ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։

«Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը»,- նշել են դիտորդական առաքելությունից։

«Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։

Նշվում է նաև, որ կան վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։