Ֆրանսիայի օգնությունն Արցախին և շրջանների ղեկավարների այցը ազդանշան է, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա․ Ֆրանսիայի շրջանի ղեկավար

Իրավիճակը շատ ծանր է, ուզում ենք Հայաստանի և Արցախի մեր ընկերներին ասել, որ իրենք մենակ չեն։ Մենք այստեղ ենք դա ցույց տալու։ Այս մասին օգոստոսի 30-ին Արցախի նախագահի հետ առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը։

«Մենք պատրաստ ենք բարձրացնել ձեր ձայնը և պաշտպանել ձեզ։ Խոսքից բացի, մենք ակտիվացրել ենք մեր համագործակցությունը։ Շատ կոնկրետ գործողություններ կձեռնարկվեն»,- ասաց նա։

Քսավյե Բերտրանը նաև կոչ է արել Ֆրանսիայի նախագահին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի ժողովրդի շահերից բխող բանաձեւ ընդունելու համար։

Ֆրանսիայի օգնությունն Արցախին և ֆրանսիական շրջանների ղեկավարների այցը, նրա խոսքով, նաև որպես ազդանշան է ուղարկվում միջազգային հանրությանը։

«Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս արցախահայությանն ազատ ապրել, որ նորածինները բավարար սնունդ չունեն, որ էներգառեսուրսների հասանելիությունը խիստ սահմանափակ է։ Մարդիկ այս ամենից զրկված են միջազգային իրավունքը անտեսող Ադրբեջանի պատճառով։ Այդ իսկ պատճառով մենք մարդասիրական շարասյուն ենք կազմակերպել, շեշտում եմ մարդասիրական շարասյուն, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել։ Եվ մեզ թույլ չտվեցին դա անել: Մենք դա դատապարտում ենք»,- ասաց նա։

Ֆրանսիայի շրջանի ղեկավարը պարզաբանել է, որ օգնության մի մասը կբաշխվի արցախցի փախստականներին, իսկ մյուս մասը կսպասի Արցախում ճանապարհի բացմանը։

«Մենք խրախուսում ենք մյուսներին դիմել նույն քայլերին, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա: Այստեղ ողբերգություն է տեղի ունենում, և մենք բոլորս աջակցում ենք Արցախին և Հայաստանին։

Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի կամ նույնիսկ վանդակի և այնտեղից վտարել բնակիչներին։ Մենք սա չենք ուզում: Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այնտեղ ազատ ապրի։

Արդյո՞ք պետք է ևս մի քիչ սպասել, որ բժշկական օգնության բացակայության և սննդի պակասի դեպքում զոհեր լինեն, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա: Այս ողբերգությունից կարելի է խուսափել, և այս ողբերգությանը նորերը ավելացնելուց կարելի է խուսափել: Միջազգային հանրությունը պետք է հիշի, թե ինչ է տեղի ունեցել անցած դարում»,- եզրափակեց նա։ 

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։