Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. միջնորդությունը մերժվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա կշարունակի մնալ կալանավորված։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 14–ին նույնպես մերժել էր Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Իբրև հիմնավորում դատարանը նշել էր, որ Տոնոյանը, որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մարդկանց վրա։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան  մեղադրանքը չի ընդունում։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: