Հյուսիսային Կորեային մոտենում է «Խանուն» փոթորիկը. բնակիչներին կոչ են արել ապահովել Կիմ Չեն Ընի, նրա հոր ու պապի դիմանկարների անվտանգությունը

Հյուսիսային Կորեային մոտենում է «Խանուն» արևադարձային փոթորիկը, որն  իր հետ բերելու է հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ: Ուստի, երկրի բնակիչներին նախազգուշացրել են, որ հնարավոր ամեն ինչ անեն իշխող Կիմ դինաստիայի դիմանկարները պաշտպանելու համար:

Ինչպես գրում է The Guardian-ը, երկրում իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթը՝ The Rodong Sinmun-ը նշել է, որ մարդկանց «առաջնային ուշադրությունը» պետք է լինի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի, նրա հոր՝ Կիմ Չեն Իրի և նրա պապի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սունի քարոզչական դիմանկարների «անվտանգության ապահովումը»:
Պարբերականը կոչ է արել քաղաքացիներին՝ պաշտպանել Հյուսիսային Կորեան 1948 թվականից՝ հիմնադրման օրվանից կառավարող Կիմ տոհմի մեծ թվով արձանները, խճանկարները, որմնանկարները և այլ հուշարձանները:
«Խանուն»-ը ուրբաթ կհասնի Կորեական թերակղզու հյուսիս: Արևադարձային փոթորիկը Հարավային Կորեայում արդեն ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել, գրանցվել է մեկ զոհ, իսկ ավելի քան 16,000 մարդ ստիպված է եղել տարհանվել վտանգի տակ գտնվող շրջանների տներից:

Կիմ Չեն Իրի և Կիմ Իր Սենի դիմանկարները զարդարում են երկրի յուրաքանչյուր տուն և գրասենյակ, և մարդիկ կարող են մահապատժի ենթարկվել նույնիսկ դրանք պատահաբար վնասելու համար, գրում է NK News-ը: