ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում ուկրաինական անօդաչու է ոչնչացրել, բեկորներն ընկել են Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում

ՀՕՊ համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, բեկորներն ընկել են Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Թելեգրամի» իր ալիքում։

«Անօդաչուի՝ քաղաքի վրայով անցնելու փորձ է արվել: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն վերացվել է: Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է հրապարակման մեջ։

Դեպքը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, հավելել է քաղաքապետը։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին պարզաբանել է, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտի վրա հարձակվելու փորձ է։