«Հայաքվեի» նախագիծը կներկայացվի ԱԺ. հավաքվել է ավելի քան 58 000 ստորագրություն․ ամփոփիչ ասուլիս․ ՈՒՂԻՂ

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջին փուլն ավարտվել է, ամփոփիչ արդյունքներին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ըստ այդմ՝ «Հայաքվե»-ի առաջին փուլի ողջ ընթացքում ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ․ «Մեզ համար սա կարևորագույն վստահության մանդատ է՝ արդեն հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին ԱԺ-ում»,-ասաց նա։

Չալաբյանը նշեց, որ սա մեծ հաղթանակ է, քանի որ մեր հայրենակիցները իրենց հավաքական ձայնը բարձրացրին մեր համազգային նպատակներին, ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության օգտին՝ հավելելով, որ սա բողոքի ակտ է՝ ընդդեմ Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմի և նրա ներքին կամակատարների կողմից հաստատվող դիկտատուրայի։