Ինչպես դեղորայքն ու սնունդը շտապ հասցնել Արցախ՝ մինչև ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն Ադրբեջանին կստիպի բացել Բերձորի միջանցքը

Ժամանակ կպահանջվի մինչև ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն Ադրբեջանին ստիպի կատարել ՄԱԿ- ի կառույց հանդիսացող Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22- ի և հուլիսի 6- ի որոշումները և բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը: Սա էլ, իհարկե, այն դեպքում, եթե մեծ թվով (առնվազն 10 000 հոգի) մարդիկ փողոց դուրս գան, շրջափակեն Նիկոլի աշխատավայրը, կառավարության շենքը, և այդպիսով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին կամ նրա գլխավորած կառավարությանը ստիպեն կատարել համապատասխան քայլեր՝ ՄԱԿ- ի ԱԽ- ին դիմելու ուղղությամբ, ինչը նրանք չեն ուզում անել (անող լինեին, արդեն արած կլինեին):

Անկախ նրանից, որ, բնականաբար, ժամանակ կպահանջվի վերոնշյալ նպատակով Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության վրա ճնշում գործադրելու, Հայաստանի անունից ՄԱԿ- ի ԱԽ- ին պաշտոնական դիմում հասցեագրելու, դրանից հետո Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման (Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներից մինչև անդամ երկրների զինված ուժերի կիրառում) ու տվյալ որոշման կատարմամբ միջանցքի բացման համար, վերոնշյալ գործընթացը հնարավորինս շուտ պետք է սկսել: Միաժամանակ, սակայն, պետք է հաշվի առնել, որ Արցախի համար թանկ է յուրաքանչյուր օրը: Վիճակն այնտեղ գնալով ծանրանում է:

Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից (2023թ. հունիսի 15- ից՝ ամբողջությամբ) Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ և Արցախի համար կյանքի ճանապարհ հանդիսացող Բերձորի միջանցքի անօրինական, հակամարդկային, 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության խախտմամբ մինչ օրս շարունակվող արգելափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծել Արցախի շուրջ 120 000 բնակչության համար:

Միջանցքի շրջափակումը հանգեցրել է Արցախի բնակչության ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների՝ դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների խիստ անբավարարության, դրանց որոշ մասի իսպառ բացակայության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման, դադարեցման հետևանքով և հարակից այլ պատճառներով։ Գնալով և ահագնացող չափերով աճում են մանկական մահացությունը և մեռելածնությունը: Արցախի բնակչությունը ձմռանը կարող է կանգնել զանգվածային սովահարության ու ցեղասպանության փաստի առջև:

Ստեղծված իրավիճակում իրադարձությունների վերոնշյալ զարգացումը կանխելու համար, մինչև միջանցքի բացմանը հասնելը, որպես առաջացած հիմնախնդրի ժամանակավոր լուծում, հարկ է ինչ- որ կերպ դեղորայք, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներ հասցնել Արցախ:

Քանի որ Ադրբեջանը չնայած միջանցքի բաց լինելու վերաբերյալ իր կեղծ, միջազգային հանրությանը մանիպուլացնելու նպատակ ունեցող հայտարարություններին, իրականում ոչ մի կերպ չի թույլատրում Արցախի բնակչությանը հույժ անհրաժեշտ վերոնշյալ բեռների փոխադրումը Բերձորի (Լաչինի) միջանցքով, ապա մնում է միայն դրանք օդային ճանապարհով տեղափոխելու հնարավորությունը:

Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել, որ Նիկոլը, նրա իշխանությունը մինչև օրս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի իշխանություններին դիմել են միջանցքը բացելու, և ոչ թե ԱՀ- ում ստեղծված հումանիտար ճգնաժամը գոնե մասամբ հաղթահարելու, Արցախի բնակչության ցեղասպանությունը կանխելու նպատակով, նրա համար կենսական նշանակություն ունեցող բեռների փոխադրումն օդային ճանապարհով կազմակերպելու խնդրանքով, ինչի իրագործումը գուցե թե հնարավոր է՝ ի տարբերություն առաջինի:

ՌԴ խաղաղապահ զորակազմի կամ ԶՈւ- ի կողմից միջանցքն ուժային եղանակով բացելու փորձն անկասկած հանգեցնելու է ռուս- ադրբեջանական պատերազմի՝ դրանում Թուրքիայի անխուսափելի ընդգրկմամբ, այսինքն՝ տարածաշրջանային մեծ պատերազմի, մեր տարածաշրջանում ՌԴ- ի համար պատերազմի երկրորդ ճակատի բացմանը, ինչն Արևմուտքի վաղուցվա երազանքն է: Եթե վերոնշյալ միանգամայն իրական վտանգը չլիներ, խաղաղապահ զորակազմը, ՌԴ ԶՈւ-ն վաղուց էին ուժային եղանակով բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Այդ պատերազմի բռնկման դեպքում ՌԴ պարտությունը, եթե մարտավարական միջուկային զենք չգործադրի, կասկածից դուրս է: Երկու ճակատով սովորական սպառազինությամբ պատերազմը Ռուսաստանի համար կավարտվի պարտությամբ ու կլինի կործանարար, եթե հաշվի առնենք, որ Թուրքական բանակը բազմապատիկ հզոր է ուկրաինականից , ինչպես նաև այն, որ պատերազմի բռնկման դեպքում Արևմուտքն իր ամբողջ հնարավորությամբ կանգնելու է Թուրքիայի թիկունքին, ինչպես այժմ ուկրաինայի… Իսկ թե ինչի կարող է հանգեցնել ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիայի նկատմամբ միջուկային զենքի կիրառումը, կարծում ենք, մեկնաբանությունների կարիք չունի:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, պետք է մինչև ՄԱԿ- ի ԱԽ- ի վերոնշյալ որոշման կայացումը, պետք է բավարար ճնշում գործադրել Նիկոլի վրա, որպեսզի նա ԱՀ բնակչությանը դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու, դրանով հումանիտար աղետը կանխելու նպատակով, գրավոր դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրա հանձնարարականը ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Ստեփանակերտի օդանավակայան, հայկական և ռուսական կողմերի միջև նախօրոք համաձայնեցված ժամանակամիջոցում, օդային ճանապարհով տեղափոխել դեղորայք և առաջին անհրաժեշտության վերոնշյալ ապրանքները, որոնք կհատկացվեն Հայաստանի կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, այլ կազմակերպությունների և բարերարների կողմից:

 

Արթուր Հովհաննիսյան