Երևանը և Բաքուն «տնային մշակման» են ենթարկելու լիցքաթափման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը «տնային մշակման» են վերցրել Ռուսաստանի առաջարկները տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Վերջին շփումները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Մոսկվայում հուլիսի 25-ին անցել են Լեռնային Ղարաբաղում չափազանց բարդ իրավիճակում։ Չբացահայտելով զգայուն հանդիսացող մանրամասները՝ կարող եմ ասել, որ մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը «տանը մշակման կենթարկեն»,- ասել է նա։- Ակնկալում ենք, որ հումանիտար նկատառումները, հասարակ մարդկանց մասին հոգալը կգերակշռեն Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնություններին»։

Դիվանագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «2020 թ. նոյեմբերին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ դրվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության ներկա փուլի հիմքերը, 2020-2022 թթ. մշակվել է հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հիմամբ»,-նշել է դիվանագետը։

Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է եռանդուն միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտաին հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը Բաքվի և Երևանի միջև, երկխոսության զարգացումը հասարակության և փորձագետների ներկայացուցիչների գծով։ «Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան կցանկանայինք, սակայն դա հասկանալի է՝ հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներն ու հակասությունները, որոնք կուտակվել են հակամարտության տարիներին,- շարունակել է նա։- Ընդ որում, արհեստականորեն չենք արագացնում աշխատանքը և չենք փորձում հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպումների, ինչը հաճախ անում են մեր արևմտյան գործընկերները»։

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը

Դիվանագետի խոսքով, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը Հարավային Կովկասում առարկայորեն քննարկվում են եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) գծով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Նա ասել է, որ ԵԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Մոսկվայում։ «Դրա արդյունքներով կողմերը փաստել են էական առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման գործում, մասնավորապես՝ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի վերաբերյալ,- նշել է դեպարտամենտի տնօրենը։- Մոսկվայում հուլիսի 25-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում այդ թեման ևս շոշափվել է, մեր կողմից առաջարկվել է այդ աշխատանքը մտցնել նախագծային փուլ»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է, «որպեսզի բոլոր պայմանավորվածություններն այս ուղղությամբ առաջնահերթային լինեն»։ «Կողմերից մեկը չպետք է զգացողություն ունենա, թե ինչ-որ մեկն ավելի շատ է ստացել։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սկզբում՝ երկաթուղային, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական պոտենցիալը և հզոր ազդակ կհանդիսանա եռակողմ աշխատանքի բոլոր ուղղությունների համար»,- ասել է դիվանագետը։