Հավաք ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով

Արցախից Հունան Թադևոսյանը գրում է.

«Սիրելի’ հայրենակիցներ

Այսօր ժամը 18։00-ին,  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։

Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն»։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ  այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, և այս պահին նրա ճակատագիրը անհայտ է։