Թե ինչպես Սերժ Սարգսյանի թողած Արցախը, Նիկոլի օրոք դարձավ Ղարաբաղ, արցախցիներն էլ՝ Ադրբեջանի հայկական համայնք

Ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով «Արցախը» փոխարինվեց «Ղարաբաղով» 

2019թ․ վարչապետ Փաշինյանը դեռ չէր «վախենում» տեղանունները կոչել իրենց անուններով և ամանորյա շնորհավորական ուղերձում նշում էր․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն»։ Նույնն էր նաև 2020 թվականին, այդ ժամանակ այսօրվա «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը» դեռ շարունակում էին լինել Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։

2021թ․Ամանորյա ուղերձում հետզհետե Արցախ բառը փոխարինվում էր Լեռնային Ղարաբաղով։ Փաշինյանը նշում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ իրենց ռազմավարական նպատակն է:

«Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ և թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին»,- նշել է Փաշինյանը։

2021 թվականի հուլիսի 21-ին Ադրբեջանի բռնապետը հայտարարում է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր «չկա», և կարգավիճակի մասին խոսելն էլ անտեղի է: «1991-ին՝ անկախության հռչակումից անմիջապես հետո, Ադրբեջանի խորհրդարանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը» և պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա։

Սա միակը չէ, Ալիևի այստեսակ հայտարարությունները բազմաթիվ են, սակայն իրողությունն այն է, որ 2022 թվականին վերջնականապես Փաշինյանի և իր խունտայի բառամթերքից դուրս եկավ Արցախ եզրույթը։

2022 թվականի Ամանորյա ուղերձում Փաշինյանը նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս:

Եվ ուրեմն՝
Կեցցե ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Այսպիսով նա վերջնականապես խաչ քաշեց Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա, ավելին արցախցիներն էլ վերածվեցին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի, կամ որ ամենանողկալին է՝ Ադրբեջանի հայկական համայնքի։

Ս․թ․ հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ էլ երբ Փաշինայնին հորդորեցին օգտագործել Արցախ անվանումը նա պատասխանեց․ «Արցախ, թե Լեռնային Ղարաբաղ։ Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Դրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ԼՂ չկա ու մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ սկսելով չօգտագործել ԼՂ տերմինը։ Հետո խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավուքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին։

Ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, քանի որ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացության օգտագործման մեջ տեսնում են դավադրություն ու օգտագործում՝ Արցախ, Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ։ Ասեք Արցախ, հետո՞։ Արցախի Սահմանադրության մեջ գրված է ԼՂ։ Հո կենացով չի՞»։

Որպեսզի շատ չանդրադառնանք մեր «հերոսի» լոլոներին, եկեք փաստենք մի պարզ ճշմարտություն, երբ 2018 թվականին Փաշինյանը եկավ իշխանության, այդ ժամանակ այսօրվա Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետություն էր, «Արցախը Հայաստան էր ու վերջ»․ և դա ոչ թե ես եմ ասում, այլ հենց ինքը՝ Փաշինյանն է հայտարարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից և գոռացել՝ մի-ա-ցում, մի-ա-ցում։

Մնում է մեկ բան, որ Փաշինյանը վերջապես ընդունի, որ Սերժ Սարգսյանի թողած Արցախն իսկապես անվտանգ ու ապահով էր, Սերժը նրանց ամբողջական Արցախ էր թողել ժառանգություն, իսկ ինչ է նա թողնելու հաջորդ իշխանություններին՝ փլուզված Հայաստա՞ն, դա էլ լավագույն դեպքում։

Հ․Գ․Ականջիդ օղ արա՝ Արցախ, Արցախ, Արցախ, ոչ թե Ադրբեջանի հայկական համայնք։

Լուսինե Այրապետյան