«Աղբահանության խնդիրը մեղմվել է. ծառայողական քննություն կսկսվի»

Ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցները իրականացրել են Երևանում մաքրությունը. աղբահանություն է կատարել 31 աղբատար մեքենա, 4 փոշեկուլ մեքենաներ իրականացրել են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվել են 22 ջրցան մեքենաներով: Այս մասին զեկուցվել է այսօր՝ հուլիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, այս պահի դրությամբ մեղմվել է: Նրա խոսքով՝ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է:

Ավինյանի կարծիքով, սակայն, իրենք պետք է կենտրոնանան խնդրի հիմնավոր լուծման վրա։ Նա ակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ, ինչ քայլեր են իրականացվում։

Բացի այս, Տիգրան Ավինյանը հանձնարարեց ծառայողական քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան. «Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում  են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։