Դա արվեց, որ Արգիշտի Քյարամյանի, Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի վկայությունները չհեռարձակվեն (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 18-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ դատակոչված էին LIVEnews.am-ի լրագրող Լուսինե Այրապետյանը և Գարեգին Չուգասզյանը։ Ներկայացել էր միայն վկա Լուսինե Այրապետյանը։ Դատարանը դատախազի միջնորդությամբ թույլ չտվեց տեսանկարահանել և հեռարձակել նիստը, ինչին ընդդիմացավ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ անպայման բողոքարկելու է դատավորի որոշումը, և որ այն հիմնազուրկ է՝ բերելով հստակ պատճառաբանություններ, թե ինչ հիմնավորումներով էր թույլատրելի վկայի հարցաքննության հեռարձակումը։ Ըստ նրա՝ մի շարք աղմկահարույց գործերով, որոնք առնչվում են ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին, զինվորներին և որոնք հանրային մեծ հետաքրքրություն ունեն, թուլատրվում է դատական նիստերի ուղիղ հեռարձակում անգամ վկաների ցուցմունքների ժամանակ։ Ուստի նրա համար կասկածելի է դատարանի դիրքորոշումը։ Աննա Ծառուկյանը հիմնավոր կասկած ունի, որ այդ նիստի տեսանկարահանումն արգելվեց այն նկատառոմով, որպեսզի հետագայում նույն պատճառաբանությամբ մերժվի նաև գործով առանցքային վկաների՝ Սամվել Բաբայանի, Արգիշտի Քյարամյանի, Լիլիթ Մակունցի, Վլադիմիր Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի վկայությունների տեսանկարահանումը և հեռարձակումը։

Մանրամասները դիտեք տեսանյութում