Ակնկալում ենք՝ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը կանի անհրաժեշտ քայլը և կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Լարիսա Ալավերդյան

«Միայն ու միայն Ֆրանսիայի խորհրդարանն է երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը»,-Ֆրանսիայի դեսպանատան մոտ հաջակցություն Արցախի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը և բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ազատատենչ ժողովրդին:

Ալավերդյանը հայտնեց, թե ակնկալում են, որ այլևս չի լինի այնպես, ինչպես ասել էր Ֆրանսիայի գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը, թե իրենց համար նշանակություն չունի խորհրդարանի որոշումը:

«Ճիշտ հակառակը՝ ակնկալում ենք  աշխարհում առաջինն ազատության համար պայքարող Ֆրանսիային հարիր քայլերով, Ֆրանսիայի գործադիր իշխանությունը կանի անհրաժեշտ քայլը և կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը:

Նա ասաց, որ ողջունում են բոլոր հայտարարությունները՝ նաև Ֆրանսիայի հարգարժան նախագահի:

«Բայց ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է առաջարկի առնվազն Ադրբեջանի հանդեպ՝ նրա ցեղասպանական և ահաբեկչական գործողությունների համար պատժամիջոցներ՝ անմիջապես Ադրբեջանի ղեկավարության հանդեպ»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դեմ է ժողովրդի դեմ սահմանվող պատժամիջոցներին, այլ խոսում է հանցավոր քաղաքականության և այն ղեկավարողների մասին:

Նախկին Պաշտպանը տարակուսեց, որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային և մեղադրում ցեղասպանական գործողությունների մեջ, թե նա չի կարողանում պատշաճ ձևով իրականացնել միջնորդ պետության դերակատարությունը:

«Դու այդ քանի գլուխ ունես, անօրինական ստեղծված միավոր, որ այդ ձևով դիմես Ֆրանսիային: Պետություն, որը կայացել է սուտ քաղաքական հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ, որը չունի իրավական հիմք այսօր ճանաչվելու համար»,- ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որում Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ճանաչվել է Սովետական Ադրբեջանի սահմաններով։

«Դա անգրագիտություն է, ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս չունի սահմաններ ճանաչելու գործառույթ։ Չկա մի որևէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվում են սովետական սահմանները։ Ալմա Աթայի հռչակագիրը, որը անընդհատ բերվում է որպես ապացույց, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը՝ սովետական սահմաններով, ստերի սուտն է։ Այս հռչակագրի մեջ չկա որևէ բան գրված սովետական սահմանների մասին, պարզ գրված է՝ գոյություն ունեցող սահմաններ։

Դա պատահական չէ․ մինչև Ալմա Աթայի հռչակագիրը արդեն տեղի էին ունեցել ինքնավար միավորների անջատումներ։ ԼՂՀ-ն անջատվել էր համաձայն սովետական օրենքների, մասնավորապես 1990 թ-ի ապրիլի 3-ին ընդունված որոշմամբ։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց,  դա նշանակում է հրաժարում նաև սահմաններից։ Ադրբեջանը հանրաքվե չի անցկացրել, նա անօրինական մտել է Սովետական Միության կազմ և անօրինական դուրս եկել»,- ասաց Ալավերդյանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցնընդունեց ցուցարարների երկու ներկայացուցիչների: