50 վարորդների չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Կ. Մ.-ն և ՃՈ տեսուչներ Ա. Ա.-ն ու Կ. Ա.-ն 2022 թվականի դեկտեմբերի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Կոտայքի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 50 վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 1.000-20.000-ական ՀՀ դրամ:
Մասնավորապես՝ վերը նշված վարորդներն ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, այլ երկրի վարորդական վկայականով կամ գերազանցել են տվյալ բնակավայրում սահմանված երթևեկության առավելագույն արագությունը, մի շարք դեպքերում էլ՝ չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր կամ վարել են տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Որոշ վարորդներ էլ տրանսպորտային միջոցը վարել են վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած լինելու կամ վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում:

Վարորդներից կաշառք ստանալու համար Կ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (50 դրվագ), իսկ Կ. Ա.-ին և Ա. Ա.-ին՝ նույն հոդվածի հատկանիշներով համապատասխանաբար՝ 31 և 19 դրվագներով: Հիշյալ բոլոր ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Տեսուչներից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքներում և տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: