Երբ Փաշինյանը գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ո՞ւմ և ի՞նչ «իշմար էր տալիս»

Ով ավելի մեծ սուտ ասի՝ վարչապետությանս կեսը կտամ իրեն

27․02․2019 թ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել էր Իրան: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ:

Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք, և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից:

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է»,-ասել է Փաշինյանը:

Պարոն Փաշինյան, Ալիևի մտքով ոչ միայն անցել է, որ Արցախն ու Հայաստանը կարող է խլել մեր ձեռքից, այլև Արցախի մեծ մասը ձեր իշխանության օրոք  խլել է, իսկ Հայաստանը խլելու ցանկությունը չի էլ թաքցնում, բա դուք՝ հպարտներդ, ի՞նչ եք պատրաստվում անել։

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում, օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ծրագրային ելույթով, որտեղ հայտարարել է  «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև «արդարացել»՝ ասելով․ «Ինչո՞ւ եմ ես այդպես ասել, ասել եմ՝ ելնելով նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրած է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը բոլոր նախկին իշխանությունների քննարդատությանն են արժանանում։ Սրանից է, որ գալիս եմ հետևյալ եզրակացության․ եթե էդպես է, արձանագրում ենք էդ իրողությունը, նշանակում է, որ ՀՀ-ն նոր տեսության անհրաժեշտություն ունի, որովհետև մենք Անկախության հռչակագրի հաջորդ պահից սկսել ենք այդ հռչակագրի տեսության դեմ աշխատել և ի վերջո հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական ուժ չունի կամ գործնական քաղաքական ուժ չունի։ Սրանում է ամբողջ խնդիրը»․-ասաց Փաշինյանը։

Վերոնշյալ փաստերը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Փաշինյանը կարող է վայրկյանների տարբերությամբ հակասել ինքն իրեն, և որ ամենավտանգավորն է՝ անել այնպիսի հայտարարություններ, որոնց «պատասխանը» հայ ժողովուրդն է տալու՝ իր կյանքի գնով։

Ի՞նչն է ստիպում մարդուն անել հայտարարություններ, որը հետո հերքվելու իր կողմից կամ ուժը չի պատելու, որ դրանք իրականություն դարձնի։

Երբ Արցախն իսկապես ազատ ու անվտանգ էր, երբ Արցախն ամբողջովին հայկական էր, դրա մասին ոչ ոք չէր բարձրաձայնում, ի՞նչ իմաստ ուներ բարձրաձայնել մի բան, որը պատմական իրողություն է, ամրագրված՝ հայ ժողովրդի կողմից կերտված պատմությամբ։

Երբ Փաշինյանը գոռում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ո՞ւմ և ի՞նչ «իշմար էր տալիս», ամբողջ գիտակցական աշխարհը գիտի, որ Արցախը հայկական է, ուրիշ բան, որ հանուն աշխարհաքաղաքական շահերի՝ լռում են, աչք են փակում ադրբեջանական ագրեսիայի դեմ, բայց դա ժամանակավոր է, ոչինչ ու ոչ ոք հավերժ չէ, վաղ թե ուշ այս ստի կծիկը պայթելու է, և արդարությունը վերականգնվելու է, և Նիկոլ Փաշինյանի խոսքերը, «Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան», որը դիտավորյալ արտաբերել է ճիշտ հակառակը կատարելու մտադրությամբ, իրականություն են դառնալու, բայց միայն իր հեռացումից հետո։

Շատ կարևոր է նկատել, որ Արցախի հարցում ՀՀ գրեթե  բոլոր ղեկավարների խոսույթները եղել են շատ համեստ, զգուշավոր, ազգային ու առանց պաթոսի։ Երբ ՀՀ երրորդ նախագահը շեշտում էր, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դրանք լոկ խոսքեր չէին, ապրիլյան քառօրյան դրա վառ վկայությունն է։ ՀՀ երրորդ նախագահը ի լուր աշխարհի չէր գոռում, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», այլ  գործուն քայլերով հաստատում էր։

Լուսինե Այրապետյան