Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ

Թուրքիան, հատկապես տնտեսական լրջագույն խնդիրների ֆոնին, փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ։

1.Անկարան, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարների։

2.Վիլնյուսում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի առաջնորդների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու Ստոկհոլմի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը։

3.Չի բացառվում ռազմական-քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի և Ուկրաինայի միջև։

Ինչպես և կանխատեսվում էր, արդեն հետընտրական շրջանում Էրդողանի վարչակարգը, իրավիճակային առումով Ռուսաստանից ստանալով հնարավոր առավելագույնը, փորձելու է վերականգնել մանևրի հավասարակշռությունը հակամարտ բևեռների միջև։

Վստահաբար, Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով աստիճանական խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։

Հայաստանի տեսանկյունից՝ այս իրողությունը պահանջում է առնվազն ակնդետ կերպով հետևել Մոսկվա-Անկարա հարաբերությունների դինամիկային՝ անհրաժեշտ մանևրի հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար։

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից