Գյումրիում ԱՄՆ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:

Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․ «Ձերդ գերազանցություն, տիկի՛ն դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Պարո՛ն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։

Մարզպետը կարևորել է հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։

«Տիկի՛ն դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։