Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ հունիսի լույս 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈՒ-ն հրթիռառմբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էին և՛ ՊՆ-ը, և՛ ԱԴԾ–ը։

Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։