Կլաարը նոր գրառում է կատարել «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսության» մասին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը նոր գրառում է կատարել «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսության» մասին։

«Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ-ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք տրամադրելու, խիստ անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով: ԵՄ-ն անհամբեր սպասում է առաջիկա եռակողմ հանդիպմանը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կլաարը։

Հատկանշական է, որ այս անգամ իր գրառման մեջ Կլաարն օգտագործել է «Ստեփանակերտ/Խանքենդի» անվանումը և ոչ թե «Խանքենդի/Ստեփանակերտ», ինչպես արել էր ավելի վաղ։