Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան լրացուցիչ ապացույցներ կներկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ապացույցներ կներկայացնի Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու վերաբերյալ։

Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց մեզ՝ հայկական կողմին, հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,- նշեց Կիրակոսյանը։

«Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը: Եվրոպական դատարանի շրջանակներում ներկայացրած որոշման վերաբերյալ ՄԻԵԴ ենք ներկայացրել նույն ապացույցերը, ինչ ներկայացրել ենք Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով, որ Եվրոպական դատարանն իր կիրառած միջոցի մասին ծանուցի ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ավելացրեց Կիրակոսյանը։