Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

ԱԺ-ից հայտնում են, որ որոշումը կայացվել է հուլիսի 3-ին Վանկուվերում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային (տարեկան) նստաշրջանի ընթացքում: Ստանձնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, որը վեհաժողովի կառավարման հիմնական մարմինն է:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրներից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները: