Ինչո՞ւ «թույլ» բանակը հաղթեց 2016-ի քառօրյայում, իսկ 2018-ից հետո «գերժամանակակից զենքերով» հագեցածը պարտվեց 44-օրյա պատերազմում

2022 թ․ սեպտեմբերին հնդկական «Էկոնոմիկ թայմսը» գրել է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում է 260-300 միլիոն ամերիկյան դոլար։ Այս համակարգերի ձեռքբերման մասին խոսք է գնացել 2018 թ․ ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ։ Զավեշտն այն է, որ Պինակա համակարգեր առաջինը ձեռք է բերել Հայաստանը ավելի կոնկրետ՝ առաջինն ու միակը Հայաստանն է եղել, և մինչ գրեթե 300 մլն-ի գործարք կատարելը հայկական կողմը պետք է եզրահանգումներ աներ՝ արդյո՞ք մեզ նման պատերազմական երկրի համար արժի այդպիսի համակարգեր ձեռք բերել։

2022 թ․ սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով սպառազինության ձեռքբերմանը՝ նշել է․ «Սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզեի հրապարակային քննարկել, բայց այդ հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ ցանկանա ասել: Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակը ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ: Հիմա մարդիկ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք էս արինք, էն արինք, էս էր տեղի ունենում, էն էր տեղի ունենում: Ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ: Որովհետև 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ չպետք է շփոթել»:

Հիշենք նաև, որ 2019 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել 27 մլն դոլար արժողությամբ «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) նոր խմբաքանակ, որոնք ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «բարոյապես հնացած» են եղել։

2021 թվականի նոյեմբերի 2-ին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է պայմանագիրը հորդանանյան ընկերության հետ, քանի որ վերջինս հրաժարվել է զենք մատակարարել։

Պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defence Systems Co ընկերության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը։ Հաշվի առնելով համաձայնագրի պահանջների խախտումը՝ ՊՆ-ը հոկտեմբերի 10-ին միակողմանիորեն խզել է պայմանագիրը։ Բացի այդ, հորդանանյան ընկերությունը պարտավոր է այդ ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում վճարել 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:

2022 թ սեպտեմբերի 29-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից՝ առանց փակագծեր բացելու, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը։

Փաշինյանը նաև չի բացառել, որ այս հարցում Ադրբեջանը կարող է դերակատարում ունենալ. «Որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում»։

Մինչ պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև բանակի արդիականացման թեման. ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել եմ անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: Այդ մասին 2023 թվականի հունիսի 20-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ 2018-2020 թվականներին կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ: «Էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել»: 

Վկայակոչելով վիճակագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականի հունվարի մեկից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ նախորդող 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարութունները ծախսել են այդ նպատակի համար 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք երկու տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումներ»:

Փաշինյանն արձանագրեց. «Բացառված է, որևէ մեկը չի կարող ասել, որ 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ Կառավարությունն ասել է՝ փող չկա. այդպիսի բան լինել չի կարող»:

Այդ համատեքստում անդրադառնալով «Սու-30»-ների ձեռքբերմանը՝ նա ասաց. «Դա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ ես ասել եմ, հարգելի գործընկերներ, ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց»:

Վերոնշյալ փաստերը գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, հակասում է ինքն իրեն։ Մի տեղ հայտարարում է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել, մյուս անգամ հայտարարում է, որ  մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում։ Նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված զենքերը մետաղի ջարդոն է անվանում, այնինչ իր իշխանության օրոք ձեռք բերված զենքերի անարդյունավետության պատճառով մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Նախկին իշխանությունների կողմից ձեռքբերված զենքերով 2016 թվականի քառօրյա պատերազմում հաղթում ենք թշնամուն, բայց չգիտես ինչո՞ւ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք՝ ըստ Փաշինյանի, մետաղի ջարդոնի են վերածվում։ «Կիրթ ու կառուցողական» Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք, բա եթե նախկինները սպառազինություն ձեռք չեն բերել, ի՞նչ 5 միլիարդի մասին էր խոսում քո գործընկերը, մի՞թե նրան էլ չես հավատում։

Հիշողության թարմացում

2018 թվականի հունվարի 31-ին Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:

Մինչ այդ, հանրապետության նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին հանրապետության նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև Պաշտպանության նախարարությունում:

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ինչպես հիշում եք, անցած տարվա հոկտեմբերի 24-ին հանձնարարել էի պաշտպանության նախարարին, որ կազմեն երկարաժամկետ զարգացման ծրագիր 2018-2024 թվականների համար: Եվ այդ հանձնարարականը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձևավորվում, և այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Տեսանք հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների: Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ»,-ԱԽ նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել նախագահի հաստատմանը:

Երբ Փաշինյանը հպարտանում էր, թե զենքեր է ձեռք բերել, վերոնշյալը գալիս է ապացուցելու, որ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ընդունված ծրագրի շնորհիվ է, որ մենք սպառազինություն ենք ձեռք բերել, իսկ Փաշինյանի՝ Հորդանանից և Հնդկաստանից ձեռք բերած զինամթերքը, ինչպես բազմիցս շեշտվել է լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից, մեղմ ասած, եղել են ոչ պիտանի։

Դրանից զատ, երբ գործող վարչախումբը հրապարակ է նետում այն թեզը, որ երրորդ նախագահի օրոք ավելի քիչ ենք սպառազինություն ձեռք բերել, տեղին է հիշել երրորդ նախագահի խոսքերը, որ մինչև ապրիլյան իրադարձությունները Հայաստանը Ռուսաստանից ստացել է 50 հազար տոննայից ավելի անվճար ռազմատեխնիկական օժանդակություն, պլյուս՝ Իսկանդեր, Տոչկա-Ու։

ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ միայն 2015-2017 թթ. ՌԴ-ի հետ զենքի ներմուծման համար 300 մլն դոլարի վարկի պայմանավորվածություն է ձեռք բերվել (200+100), որի մատակարարումները սկսվել են 2016-ից հետո։ Ընդ որում, այդ մատակարարումների մի մասը պետք է իրականացվեին 2018-2022 թթ.։ Իրականում աննախադեպ քանակի սպառազինություն ՀՀ ԶՈՒ-ն  ձեռք է բերել հենց 2015-2017-ին՝ ՌԴ-ի հետ կնքված 200 մլն դոլարի վարկի շրջանակներում և պաշտպանական ծախսերի ավելացման հաշվին։

Սերժ Սարգսյանը 2021 թ. իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2018-2024 թթ․ համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներով: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ եթե բանակը թույլ էր, հագեցած չէր ժամանակակակից սպառազինությամբ՝ ինչո՞ւ քառօրյա պատերազմում հաղթեցինք թշնամուն, իսկ 2018-ից հետո, երբ դուք զինել էիք բանակը «գերժամանակակից զենքերով», ինչո՞ւ 44-օրյա պատերազմում պարտվեցինք։

Լուսինե Այրապետյան