Արցախի Հանրապետությունը ոչնչացրածը, Հայաստանի պետականությունը վտանգածը մեկ մարդ է, ու այդ մեկը Նիկոլ Վովայի Փաշինյանն է

Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ փաստերը խեղաթյուրելու հերթական մաստեր կլասը 

44-օրյա պատերազմին առնչվող փաստերն իրենց մեջ պարունակում են պետական գաղտնիք և ուղղակիորեն առնչվում մեր երկրի անվտանգությանը: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի պետական մտածողություն ու սպասարկում է Հայաստանի հետ կապ չունեցող օտար օրակարգեր՝ որոշեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հանդես գալ հրապարակային ելույթով:

Փաշինյանը երեք ժամ ուղիղ եթերով ընթերցեց նախօրոք պատրաստված տեքստը, խեղաթյուրեց ԼՂ խնդրի կարգավորման ողջ գործընթացը, պարտության սլաքներն ուղղեց նախկին նախագահներին, հայկական բանակին՝ գեներալներին, հրամանատարներին, մեղադրեց բոլորին, այդ թվում և հարևան, դաշնակից պետություններին: Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց փաստերը խեղաթյուրելու մաստեր կլաս:

Նիկոլի շոուն այդքանով, իհարկե, չավարտվեց, այն դեռ շարունակվելու է։ Իսկ նպատակը՝ մաքրվել պատերազմի մեղքերից, ազատվել դավաճանի պիտակից ու կարգել պատերազմի մեղավորներ: 2,5 տարի նա այս ուղղությամբ է աշխատում՝ այդ նպատակին ծառայեցնելով նաև ՔՊ-ի կողմից ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը։

Իրականությունը, փաստերը մոլագարի համառությամբ կեղծող Փաշինյանը հայտարարեց` նախկին բոլոր իշխանությունները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար, ավելին, ասաց` Արցախը 25 տարի առաջ են հանձնել Ադրբեջանին: Բացարձակ սուտ։ Իսկ իրականում երեք նախագահներից որևէ մեկը չի բանակցել հիմնախնդրի կարգավորման այնպիսի տարբերակի շուրջ, որով Արցախը կարող է լիներ Ադրբեջանի կազմում:

Արցախը Ադրբեջանին հանձնած Փաշինյանը Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրում է նախկին 3 նախագահներին, այն պետական, քաղաքական գործիչներին, որոնք ամեն ինչ արել են Արցախը հայկական պահելու համար:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով, տարբեր հարթակներից հայտարարել է` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախյան խնդրի լուծման բանալին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է և այն այլընտրանք չունի: Այս բովանդակությամբ հայտարարություններ նա հնչեցրել է`

– 2010 թ դեկտեմբերի 2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում` Ալիևի ներկայությամբ

-2011 թվական ԵԽԽՎ-ում` Ստրասբուրգում,

-2014թ ՄԱԿ-ի ամբիոնից,

– 2016-ի օգոստոսի 1-ին Երևանում` ռազմական ու քաղաքական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

-2016-ի օգոստոսին` Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանն ի՛նքն է հանձնել Արցախը, ինչի մասին վերջերս բարձրաձայնեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` շեշտելով Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն միակ ղեկավարն է, որը հայտարարեց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին:

«Աղանդավոր քարոզչի» բութ համառությամբ անտեսելով իրական փաստերը` նա առաջ է մղում բանակցություններում մերժված, իրավական ուժ չստացած առաջարկները, կամ քչփորում-հանում է բանակցային գործընթացի հետ առնչություն չունեցած փաստաթղթերը, հետն էլ ակտիվ շրջանառության մեջ դնում թշնամական երկրի` Ադրբեջանի 30 տարվա հակահայկական թեզերը:

Իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովում ի՞նչ փաստաթղթերի հղում տվեց Փաշինյանը` իր կեղծիքը ճշմարտության տեղ ներկայացնելու համար: Նա կրկնեց այն, ինչ ասում է պատերազմից հետո`արդեն 2,5 տարի: Այդ փաստաթղթերի շարքում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ԱՊՀ երկրները ճանաչել են անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը: Բազմիցս ասել ենք, որ այս փաստաթղթի առնչությամբ Հայաստանը վերապահումներ է արել, որոնք վերաբերում են Արցախին, շեշտելով` ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի վերաբերում Արցախին: Փաշինյանի կողմից շրջանառվող այս փաստաթուղթը երբեք չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային սեղանին: Ալմա-Աթայի հռչակագիրը բանակցային դաշտ բերեց Նիկոլ Փաշինյանը` ամենայն հավանականությամբ Ալիևի հուշարարությամբ:

Միակ առաջարկը, որը ենթադրում էր Արցախի դե ֆակտո անկախություն, և դե յուրե գոյություն Ադրբեջանի կազմում, դա «Ընդհանուր պետության» գաղափարն էր: 1998 թվականի նոյեմբերին քննարկված ռուսական այս առաջարկը դարձյալ մերժվել է, ու առաջին հերթին Ադրբեջանի կողմից: Թե ինչու` 2001-ին պարզ ասում է Հեյդար Ալիևը. « «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր»:

Մյուս փաստաթուղթը, ինչի մասին խոսեց Փաշինյանը` ասելով, թե. «Այն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ համար բարձր ինքնավարություն նախատեսում»` 1996 թ. Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիրն է: Փաստաթղթի 20-րդ կետում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին: Սակայն Լիսաբոնի հռչակագիրը մնաց որպես Ադրբեջանի չիրականացված ցանկություն: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության չեկան դրա շուրջ, նրանցից յուրաքանչյուրը սպառնաց, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե քվեարկության դրվի չհամաձայնեցված որևէ ձևակերպում: Եվ ԼՂ-ին վերաբերող պարբերությունը ամբողջությամբ հանվեց հռչակագրի տեքստից: Փաշինյանը լավ գիտի, որ սա մերժված, չընդունված փաստաթղթերից մեկն է, բայց միևնույն է, շարունակում է պնդել ադրբեջանական թեզը, թե դեռ 1996-ից Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս:

Քննիչ հնձնաժողովում Փաշինյանը մեղադրանքների հիմնական սլաքն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին` մեջտեղ բերելով «Մեղրիի փոխանակման» մասին խոսակցությունները: Բազմիցս է ասվել, որ 1998-99-ին տարածքների փոխանակման տարբերակը ներկայացվել է, բայց Հայաստանը դեմ է եղել: Սակայն դա ևս չի խանգարում, որ Նիկոլը ոչ միայն շրջանառի Մեղրիի մասին, այլ մանիպուլացնի` կապելով հոկտեմբերի 27-ի հետ, ասելով, թե իբր «Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքով ձախողեցին ծրագիրը»: Սա փորձ է՝ թաքնվելու այս երկու անձերի լուսավոր կերպարների հետևում, ու նրանց համախոհ ներկայանալ: Ծիծաղելի է: Մեղրիի հետ կապված իրականությունը հետևյալն է. այդ առաջարկի հեղինակը եղել է Հեյդար Ալիևը: Առաջարկը, որ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից` երբեք չեն քննարկել նաև Մինսկի խմբի համանախագահները, լավ իմանալով, որ դա չիրականացվող մի ծրագիր է: Ինչպես նկատել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` Փաշինյանը մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը ու մեկ էլ իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված, ինչը ներկայացնում է իբրև «միջազգային մամուլի հրապարակում»:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է Փաշինյանը հայտնի կենդանու համառությամբ պտտվում` Մեղրին Արցախով փոխարինելու ադրբեջանական առաջարկի շուրջ: Գուցե նոր փաստաթղթի ստորագրմամբ պատրաստվում է Հայաստանի համար նոր աղետաբեր զիջումների՞ գնալ: Գուցե իր «բարեկիրթ» ընկերոջ` Ալիևի հետ պայմանավորվել է հիմա էլ Մեղրին պատերազմով հանձնելու շո՞ւրջ` ինչի համար հո՞ղ է նախապատրաստում:

Փաշինյանը հանձնաժողովում խոսեց նաև Մադրիդյան սկզբունքների ու Կազանի փաստաթղթի մասին` խեղաթյուրված ներկայացնելով թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մադրիդյան փաստաթղթի մասին բազմիցս ենք խոսել` նշելով, որ Նիկոլը ստում է, երբ ասում է, թե Մադրիդյան սկզբունքներով հանձնվել է Արցախը: Նա նենգափոխում է փաստաթղթի բովանդակությունը: Հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքները ժամանակին մերժել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, այսօր էլ այն քննադատում ու մերժում է Փաշինյանը: Պատճառը շատ պարզ է, փաստաթուղթում Արցախի հարցում ամրագրված է երկու շատ կարևոր հանգամանք` դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է ու Արցախի կարգավիճակը: Այո, Մադրիդյան սկզբունքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչից Փաշինյանն ամբողջովին հրաժարվել է: 

ՍԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ

Մի կողմ թողնենք բոլոր փաստաթղթերը, նախկինում ծավալված բանակցային գործընթացը, ի վերջո, այս ամենում կա հարցի բարոյական կողմը: 5000 լուսավոր տղերքին զոհածը, Արցախը թշնամուն հանձնածը բարոյական իրավունք ունի՞ խոսել նախկիններից, նախկին բանակցային գործընթացից: Չունի: Բայց խոսում է` մեղավորներ փնտրելով պատերազմի պարտության մեջ: Ու այդ մեղավորների շարքում բանակն է` Գլխավոր շտաբը, գեներալները, հրամանատարները: Մեկ այլ առիթով էլ մեղավոր էր կարգել ԴՆԹ-ին… Չնայախծ նրա ցինիզմը սահման չունի ու որքան էլ մոլագարի պես փորձի ազատվել իր գործած մեղքերից` անկարող է պատմությունը սրբագրել:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրածը, Հայաստանի պետականությունը վտանգածը մեկ մարդ է, ու այդ մեկը Նիկոլ Վովայի Փաշինյանն է:

Հ.Գ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»:

Հ.Գ. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ․«Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ՝ հակառակը: Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ: Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր: Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է»:

Կարինե Գրիգորյան