Բաքվի բռնապետ Ալիևի ռազմատենչ ելույթի հիմնական կետերը․ Տաթևիկ Հայրապետյան

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ ելույթով է հանդես եկել այսօր:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ալիևի այսօրվա  ելույթին․

«Ինչպես և խոստացել էի՝ ներկայացնում եմ Ալիևի այսօրվա ռազմատենչ ելույթի հիմնական կետերը, մեջբերումներն արված է բռնապետի ելույթից՝ բառացի․

  1. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո լրացուցիչ քայլեր են արվում բանակ հզորացման ուղղությամբ, և դրա կարիքը շատ մեծ է։ Որովհետև աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը սրվում է, մեր տարածաշրջանում նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, Հայաստանում ռևանշիստական ուժեր են գլուխ բարձրացնում։ Այս ամենը հաշվի առնելով ՝ մեր բանակի հետագա հզորացման հարցը շարունակում է մնալ թիվ մեկ խնդիրը։ Դրա համար, բնականաբար, համալիր միջոցառումներ են ձեռնարկվում։
  2. Պատերազմից հետո նոր սպառազինության գնման գործընթացը շարունակվում է, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու, այնպես էլ մեր երկիր մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար, որոնք ունեն կործանարար ուժ և բարձր ճշգրտություն:
  3. Երբ մենք լրացուցիչ միջոցներ ստացանք, մենք նոր հսկայական գումարներ հատկացրինք բյուջեի ավելացման համար, և այստեղ որոշվեց երկու հիմնական ուղղություն. առաջին՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնում, և երկրորդ՝ մեր ռազմական ներուժի հզորացում։ Այսինքն, ինքնին այս փաստը վկայում է այն մասին, որ մեզ համար այսօր առաջնային հարցերից մեկը բանակաշինությունն է, մյուսը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը:
  4. Բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին ղարաբաղահայության համար ինչ-որ հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը: Այս ամենը վերջին երկուսուկես տարվա մեր քաղաքականության արդյունքն է։ Այս խնդիրներն այդպես չեն առաջանում։
  5. Պայմանական սահմանի ադրբեջանա-հայկական ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները, Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունները և երկու ամիս առաջ՝ Լաչինի ուղղությամբ, հայ-ադրբեջանական սահմանին սահմանային անցակետի ստեղծումը մեր շատ ուժեղ քաղաքական կամքի ցուցիչն են։ Այսինքն՝ մեր բոլոր քայլերը մենք արել ենք միասնական ծրագրի հիման վրա։
  6. Մենք վրեժխնդիր ենք եղել ռազմի դաշտում: Բայց դրա հետ մեկտեղ մենք երբեք չպետք է մոռանանք հայերի վայրագությունների մասին։ Օկուպացիայի ժամանակ մեր քաղաքները ավերվել են։ Մեր պատմական հուշարձաններն ավերված են։ Մեր սրբազան օջախները պղծվեցին և ավերվեցին։ Դա արել են մեր ատելի հարևանները:
  7. Միևնույն ժամանակ, մեր պայմաններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Սա մեր հիմնավորված պահանջն է:
  8. Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ստիպված ենք եղել և մեր ուժը ցույց ենք տվել հայկական կողմին: Մենք նրանց ազդանշան ուղարկեցինք, որ եթե իրենք իրենց լավ չպահեն, իրենց ստորագրությունը չհարգեն, արդյունքն իրենց համար ցավալի կլինի։ Այսպիսով, մենք դեռ զուսպ ենք գործում: Այսօր և ուժն է մեր կողմն է, և ժամանակը, և միջազգային իրավունքը։
  9. Ռազմավարական բարձունքներում գտնվելը մեզ ռազմավարական առավելություն է տալիս: Կրկին, վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք զգալիորեն ուժեղացրել ենք մեր բանակը։ Եթե այս բոլոր գործոնները Հայաստանը և նրա հետևում կանգնած օտարերկրյա բարեկամները չեն հասկանում, ապա մեղքը նրանց վիզը:
  10. Այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ փաստում է, որ նա թքած ունի միջազգային կոչերի, բանակցությունների, պայմանավորվածությունների վրա, նա միայն ոգևորվում է հայկական կողմի զիջումներից: Արցախի հարցում զիջումները հեշտացնում են ՀՀ-ի դեմ գործողությունների գնալու Ադրբեջանի ծրագրերի իրագործումը: Ինչ խոսք, «խաղաղությունը» երբեք այսքան մոտ չէր եղել…»։