Այսօր Հայաստանում «Հեյդար Ալիևի տարվա» հանդիսավոր միջոցառումների պաշտոնական մեկնարկն առավել քան տպավորիչ էր

Այս տարի մայիսի 10-ին լրացավ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը։ Ադրբեջանում «համազգային լիդեր» հռչակված նախկին ԿԳԲ-շնիկի, ինչի նախկինն, ի դեպ, երբեք չի լինում, հոբելյանի կապակցությամբ Իլհամ Հեյդարիչը ստորագրել էր հրամանագիր, որով 2023 թվականը հռչակել էր «Հեյդար Ալիևի տարի» և հանձնարարել իր աշխատակազմին երկու ամսում նախապատրաստել և հաստատման ներկայացնել հանդիսավոր միջոցառումների ծրագիրը։

Այսօր Հայաստանում «Հեյդար Ալիևի տարվա» հանդիսավոր միջոցառումների պաշտոնական մեկնարկն առավել քան տպավորիչ էր։ Բացարձակ հիմնազուրկ հռչակվեցին նախկինում կարծրացած տեսակետները, թե Հեյդարը Ալիևը Ադրբեջանում իշխանության է եկել ռուսական ԿԳԲ-ի կողմից կազմակերպված հեղաշրջման արդյունքում, որ նրա իշխանազավթմանը և ռազմական կապիտուլյացիայից հետո իշխանությունը պահպանելուն որոշակիորեն աջակցել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ում հետ որպես Նախիջևանի ինքնավար հանրապետության Միլլի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը բանակցում էր Հայաստանի հետ ընդհանուր պետությունում Նախիջևանը միավորելու ծրագրի շուրջ փոխնախագահի պաշտոնի դիմաց, իսկ արդեն որպես Ադրբեջանի ղեկավար ստորագրում էր կապիտուլյացիոն զինադադար և բանակցում Արցախը անկախ կամ Հայաստանի մաս ճանաչելու մասին։ Սրանք, ըստ որում, լրագրողական երևակայությամբ հորինված պատմություններ չեն, այլ իրողություններ, որոնց մասին Ադրբեջանում հալածանքների սպառնալիքով տարիներ շարունակ արգելված է խոսել։ Ու ինչքան էլ ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան ջանք չի խնայում Ալիև ավագի պայմանական ասած դավաճանի կերպարը սրբագործելու համար, հատկապես, ադրբեջանական հանրության բարձր կրթական ցենզով բնութագրվող շերտերում Հեյդարին ամենևին համազգային առաջնորդ չեն համարում։ Ու ահա Հայաստանի վարչապետի մակարդակով բացահայտվում են Արցախյան հիմնահարցով բանակցությունների տարիների պատմություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի բոլոր երեք նախագահները խոշոր հաշվով եղել են դավաճաններ և սուտասաններ՝ յուրաքանչյուրը յուրովի և որոշակի չափով, իհարկե, իսկ ահա Հեյդար Ալիևը՝ երբեք․․․ Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված «երջանկահիշատակ, հայրենասեր, ազնվագույն Հեյդար Ալիևի» և նրա օրինակելի որդու, ադրբեջանական ժողովրդի հերոս Իլհամ Ալիևի գրական կերպարները թերևս նրան կդարձնեին Գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ, եթե ամեն ինչ այդքան զզվելի ու ամոթալի չլիներ։

․․․Հայաստանը ղեկաված իր բոլոր նախորդներից ազգային դավաճաններ կերտել ու հերոսացնել ադրբեջանա-թուրքական-ռուսական ալիևյան կգբ-ածին կլանը․․․Գոնե ամոթ ունեցեք, եթե խիղճ չունեք։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից