Գայանե Մարտիրոսյանն ընդունել է մեղքը. պաշտպան

Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարտիրոսյանի հանրային պաշտպանը, որն այս գործով այսօր էր պաշտպան դարձել:

«Արագացված հետազոտությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, որ հնչեցվում է մեղադրական եզրակացությունը, որի հետ կապված  ամբաստանյալը կամ մեղադրյալը իր դիրքորոշումն է հայտնում՝ համաձայն է, թե համաձայն չէ, և արագացված դատավարություն է իրականացվում առանց ապացույցների հետազոտման: Առանց Գայանե Մարտիրոսյանի համաձայնության՝ արագացված դատաքննություն չի կարող կիրառվել»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ դա ենթադրում է մեղքի ընդունում։

Նա նաև տեղեկացրեց, որ տուժող Աշոտ Փաշինյանը ևս համաձայնել է դատարանի վճռին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով այսօր դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։