Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, նույնիսկ կասեի՝ լավ։ Մենք համագործակցում ենք այս ոլորտում։ Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության  նախապատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքերի տեղակայման միջոցառումներ»,- ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը։

Մոսկվայի և Մինսկի միջև տնտեսական հարաբերությունները փոխվում են դեպի լավը, շեշտը դրվում է ոչ միայն համագործակցության ավանդական, այլև բարձր տեխնոլոգիական ոլորտների վրա, ընդգծել է ՌԴ ղեկավարը։

«Սա չի կարող չուրախացնել։ Հիմա չեմ պատրաստվում խոսել աճող առևտրաշրջանառության թվերի մասին։ Իսկ անվտանգության տեսանկյունից ավելի լավ է, դրա մասին մենք առանձին կխոսենք՝ դեմ առ դեմ»,- հավելել է նա։