Հիմա հասկացա՞ք՝ ինչու պարտվեցինք

Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպումից հետո հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը և հունիսին 3-ին մեկնեց Անկարա՝ արարողությանը մասնակցելու: Հետագայում թուրքական ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից հետո սպասվում է նաև երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում քննարկվելու են Երևանի և Անկարայի հարաբերությունների վերականգնման, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների հարցերը։

Այցի մասին լուրը անակնկալ էր հայ հասարակության համար  ոչ միայն այն պատճառով, որ ակնթարթային էր, կարելի է ասել, այլև այն պատճառով, որ խոսքը այն Թուրքիայի մասին է, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, այն Թուրքիայի, որը հանդիսանում է ադրբեջանի մեծ եղբայրն և նրան առաջնորդողը, որը 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել իր փոքր եղբոր սանձազերծած, ռազմական հանցագործություններով հարուստ պատերազմին, որը մշտապես ողջունում է ադրբեջանի ցանկացած ագրեսիա և շտապում հայտարարել, որ իր փոքր եղբոր կողքին է, որը իրականացրել է 1915 թ․ Հայոց Ցեղասպանությունը և չի էլ փոխել իր վերաբերմունքը հայերի հանդեպ, որն իր փոքր եղբոր հետ շարունակում է հոխորտալ և նկրտումներ ունենալ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքների հանդեպ, և ի վերջո այն նույն Թուրքիայի, որը դեռևս մի քանի շաբաթ առաջ պնդում էր, թե Թուրքիայի օդային սահմանը փակ է նույնիսկ Հայաստանի վարչապետի համար, քանի դեռ «Նեմեսիսի» արձանը շարունակում է կանգնել Երևանում։

Ինչևէ, այս բոլոր հանգամանքներն անտեսելով, վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը մեկնեց Անկարա՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ և մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, որի ժամանակ նրան նստեցրին երկրորդ շարքում՝ Ալիևի անմիջապես թիկունքում և Էրդողանն էլ անտեսեց Փաշինյանին, երբ թվարկում էր պետությունների և կառավարությունների ղեկավարներին:

Առաջին հայացքից այս ամենը ստորացուցիչ է, նվաստացնող և չի մտնում հայի ինքնության և արժանապատվության տրամաբանության մեջ, բայց այս ամենը սոսկ առաջին հայացքից։ Ինչո՞ւ ․․․

Որովհետև վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի գործունեությանը ծանոթ ցանկացած ոք կարող է փաստել, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, տրամաբանական է՝ պայմանավորված հենց վերջինիս անձով։ Նախկինում արդեն իսկ առիթ ունեցել ենք անդրադառնալու Փաշինյանի «մեծահոգությանն» ու չվիրավորվելուն, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան, երբ նա առանց վարանելու խոսում է Հայրենասիրության մասին, համարելով այն կեղծ, որդեգրված կատեգորիա, որի համար Արարատը թշնամու լեռն է, իսկ մենք պետք է բավարարվենք Արագածով… Բայց սա դեռ ամենը չէ․․․

Վստահ եմ՝ մեր ընթերցողը հիշում է պատերազմից հետո Փաշինյանին «գովերգող» ադրբեջանական երգերը, հեգնական մանրապատումները և ի վերջո Ալիևի հոխորտանքը, որն անվանում էր «հարբեցող ծաղրածու», հեգնում էր, թե էլ ինչ ինքնորոշման իրավունք, էլ ինչ ստատուս, «նոլդու փաշինյան» ․․․

Այո, այն նույն Ալիևը, որը նախկինում չափազանց զգուշավոր էր և իր ամեն մի արտաբերած հիմարության պատասխանն անմիջապես ստանում էր հայաստանյան իշխանությունների կողմից, 2018-ից ի վեր ստացել է բոլոր հնարավորությունները՝ ասել այն ամենը, ինչ ուզում է, և վերցնել այն, ինչ իրեն պետք է։

Վերոնշյալ տողերիս ապացույցները շատ են։

Մեր հարգարժան ընթերցողին հիշեցնենք․ 2011 թ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, կարծիք էր հայտնել, թե հայերը ագրեսիվ են, և այն հանգամանքը, թե հայերը տարածքային նկրտումներ ունեն Թուրքիայի նկատմամբ, վկայում է, որ այդ մարդկանց գլխում ինչ-որ բան պակաս է, նա նաև հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական հող է և մի օր՝ լինի դա խաղաղ, թե ռազմական ճանապարհով, հետ են վերադարձնելու «իրենց հողերը»։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Ալիևի՝  հայերի հասցեին  հնչեցրած արտահայտություններին, չուշացավ։ Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Բրունիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում նախագահը պատասխանեց ալիևին՝ ասելով որ չի կարելի է սեփական ժողովրդին ամեն օր ամեն առիթով թունավորել․

«Չգիտեմ, դուք հետևե՞լ եք, օրինակ երեկ միջազգային լրահոսին, դուք տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին, և արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն էր, չեմ խոսում էլ երկրի ղեկավարի մասին։ ․․․ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ, և որևէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել, և այդ պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն իրենց երբեք թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի մասին, ինչը նրանց պատիվ է բերում, ի տարբերություն հարևան երկրի ղեկավարության, որը, իհարկե, կարողանում է հոդաբաշխ արտահայտվել, բայց չի կարողանում իր ատելությունը  թաքցնել, իսկ ինչպես հայտնի է՝ թշնամանքով լցված մարդը չի կարող լավ, նորմալ որոշումներ կայացնել և, իհարկե, այս պարագաներում Եվրամիության օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է․․․»։

Ավելի ակնառու է դառնում ՀՀ նախկին և ներկա իշխանությունների տարբերությունը, երբ զուգահեռ դիտարկում ես գրեթե միանման իրավիճակում։

Վերջերս Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցելով Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին, Իլհամ Ալիևի հետ  «զանգեզուրյան միջանցք» տերմինի շուրջ իբր բանավեճ ունեցավ, որը, իհարկե, շատերը որակեցին որպես փոխպայմանավորված շոու՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, որտեղ Փաշինյանը հերթական անգամ առիթն օգտագործեց և ՌԴ խաղաղապահ ուժերին մեղադրեց Լաչինի միջանցքի փակ լինելու համար, սակայն չկարողացավ ոչ մի բառով հակադարձել (ավաղ, դա ճիշտ է Հայաստանի իշխանությունների մասով) Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Ինչևէ չմոռանանք, որ այս իշխանության որդեգրած քաղաքականությունն է ստերով և մանիպուլյացիաներով «խաղաղության» օրակարգի ներքո հանձնել այն, ինչ պահանջում են իրենից, և դա է պատճառը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երբևէ չի կարողացել հակադարձել Ալիևին կամ պաշտպանել հայկական շահը։

Փոխարենը, 2014 թ․ օգոստոսին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները, Ադրբեջանի բռնապետը փորձ արեց մեղադրել հայկական կողմին՝ ագրեսիայի դրսևորման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերի անտեսման մեջ, թե իբր այդ բանաձևերը այդպես էլ մնացել են թղթի վրա, և Մինսկի խմբի համանախագահ երկրների փորձերը 2 երկրներին խաղաղ ճանապարհով բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում անցնում են ապարդյուն՝ հայկական կողմի պատճառով, որին, իհարկե, հաջորդեց անմիջապես ՀՀ ղեկավարի պատասխանը, ով ընդգծեց, որ ադրբեջանական կողմը մշտապես հղում է անում ՄԱԿ-ի 4 բանաձևերի վրա և հեգնական տոնով շարունակեց․ «և էսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ իսկ այդ բանաձևերի որ կետն է ի կատար ածել Ադրբեջանը ․․․»։

Սա Ադրբեջանի բռնապետի հոխորտանքի առավելագույնն էր, որ կարող էր նա իրեն թույլ տալ մինչ 2018 թ․։ Պատկերը փոխվեց 2018-ից հետո, երբ Ալիևն ստացավ կանաչ թուղթը (Green card), և նույնիսկ այսքանից հետո նա իր արժանի պատասխանը ստանում էր նախկինների կողմից ․․․ ։ Հիշենք 2021 թ․ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հեռակա բանավեճը, որը ծագեց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց,  թե Ալիևն ու նրա հայրը պարտվել են Հայաստանի նախորդ երեք նախագահներին։ Այնուհետև Մատաղիսում Ալիևը Սարգսյանին անվանեց «դասալիք» և հայտարարեց, որ 2020-ի պատերազմի ժամանակ «երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն հասնում է, վախկոտ դասալիքի պես փախավ այնտեղից»։

Այս խոսքերին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևին ասում է.

«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որը հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:

Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»:

Սրանք պարզապես մի քանի ոչ ցցուն օրինակներ են, որոնք փաստում են թե ինչպիսին պետք է լինի և չպետք է լինի ղեկավարը, և ցավալին այն է, որ ուժեղ և խոհեմ ղեկավարին, որից անընդհատ նեղվում էր ադրբեջանի բռնապետը, որը նույնիսկ փորձում էր «առնել» իրեն վախ ներշնչող ՀՀ ղեկավարին (Հիշեցնենք՝  «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տարածած ձայնագրությունը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցից, որտեղ նրանք քննարկում են Լեռնային Ղարաբաղի թեման),

2018-ին մոլորության և մանիպուլիացիոն տեխնոլոգիաների շնորհիվ մերժեց հայ հասարակությունը, որի արդեն հետևանքները այսօր զգում է սեփական մաշկի վրա՝ վտանգելով իր և իր ընտանիքի անվտանգությունը, մեծացնելով Եռաբլուրը, կորցնելով արժանապատվությունն ու ապրելով վախի մթնոլորտում։

Հ․Գ․ Իսկ մինչ այդ ՀՀ-ն ներկայացնող անձը Անկարայում ոգևորված լուսանկարվում է թուրք արմատական ​​լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, որը հայտնի է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունները և թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունն ամեն գնով արդարացնելու մոլուցքով։

Ժաննա Ծառուկյան