Թուրքիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։

Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել են 600 պատգամավորներից 321-ը, երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։

Քուրթուլմուշը կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, չնայած այն հանգամանքին, որ մինչ ԱԶԿ-ին միանալը նա եղել է այլ կուսակցությունների անդամ։ 2014-2017 թվականներին եղել է փոխվարչապետ, 2017-2018 թվականներին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար։