Էրդողանը չի նշել Փաշինյանին՝ թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկում էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Թուրքիայի նախագահական համալիրից, Էրդողանը շնորհակալություն է հայտնել եւ ողջունել մի շարք երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին: Այդ ընթացքում Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, եւ կադրում հայտնվել է Փաշինյանը։

Կինն ու օգնականները Էրդողանին հուշել են, որ նա, հավանաբար, մոռացել է շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանին։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել։

Էրդողանի խոսքով՝ «բոլոր հյուրերին թվարկելու ժամանակը չի բավականացնի»։ «Ավելի ուշ հանդիսավոր ընթրիքի ժամանակ մենք բոլորս խոսելու հնարավորություն կունենանք»,-ասել է նա։